Հոկտեմբերի 20-ին, երբ Գյումրիում տեղի էին ունենում խայտառակ իրադարձությունները, քաղաքապետարանը հուսահատ դիմեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ կոչ անելով արձագանքել ընդդիմադիր քաղաքապետի քրեական հետապնդմանը: Նույն օրը, երկու ժամվա տարբերությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրների դեսպաններին դիմեցին հայ փաստաբանները՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել երեք օր առաջ Ալեքսանդր Կոչուբաևի ոչ պակաս սկանդալային ձերբակալության վրա։
Ի ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԼՌՈՒԹՅՈՒՆ: ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԾՊՏՈՒՆ ԱՆԳԱՄ ՉՀԱՆԵՑ, ԳՈՆԵ ՀԱՆՈՒՆ ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՆ։ Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար նորմերի հերթական կոպիտ խախտումները, հերթական ահաբեկչական գործողությունները, որոնք բացահայտորեն ուղղված էին ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետի և իր հայացքները չթաքցնող փաստաբանի դեմ, ջանադրաբար և ցուցադրաբար անտեսվեցին եվրոպական վերոնշյալ կոնվենցիան վավերացրած երկրների կողմից:
Դեսպանությունները չեն նկատում նաև իշխանությունների անթաքույց ոտնձգությունը «Շողակաթ» հեռուստաընկերության նկատմամբ, թեև այստեղ էլ ակնհայտ է խոսքի և ԶԼՄ-ների ազատության խախտումը՝ ակնհայտ քաղաքական ենթատեքստով։ Նրանց հետաքրքիր չեն լրագրողական պրոֆեսիոնալ կազմակերպությունների հայտարարությունները, որոնք կոչ են անում իշխանություններին հրաժարվել ՀԱԵ հեռուստաալիքի փակմանն ուղղված օրինագծից, թեև նույն այդ արևմտյան երկրները տասնամյակներ շարունակ աջակցել են խոսքի և տեղեկատվության ազատության պաշտպանության նույն այդ ՀԿ-ների գործունեությանը։
Սրանք ընդամենը ամենաթարմ օրինակներն են, թե ինչպես է իշխող ՔՊ կուսակցությունը ամենակոպիտ կերպով, դիմելով ստոր ու կեղտոտ մեթոդների, ձգտում խեղդել երկրում ժողովրդավարության վերջին մնացորդները, որով պարծեցել է իշխանությունը զավթելուց ի վեր: Իրենց վերամբարձորեն անվանելով «ժողովրդավարության բաստիոն»՝ իրականում Հայաստանում եռանդագին հաստատում են ավտորիտար ռեժիմ, ավելի ճիշտ՝ մեկ անձի իշխանություն։ Բռնապետի, որի սրընթաց վերածվում է Նիկոլ Փաշինյանը, իսկ անձամբ նրա և երկրի համար ճակատագրական ընտրությունների մոտենալուն պես, անկասկած, այդպիսին կդառնա վերջնականպես։ «Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին։ Հայաստանը դառնում է տարածաշրջանի ավտորիտար երկրներից մեկը»,- գրել է Արմեն Աշոտյանը: Փաշինյանի և Ալիևի միջև զուգահեռներն արդեն ակնհայտ են նաև այդ տեսանկյունից, և «ժողովրդավարության փարոսները»՝ ի դեմս արևմտյան երկրների, պարզապես չեն կարող չնկատել դա։ Բայց շարունակում են ձևացնել, թե տեղի ունեցող ամենը, սկսած, օրինակ, 2019 թվականի մայիսին դատարանները շրջապատելու և շրջափակելու Նիկոլի կոչից, ոչ մի կերպ դուրս չի գալիս ժողովրդավարական գործընթացների շրջանակներից։
Ճիշտ նույն կերպ էլ վերջին տարիներին եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը ջանադրաբար դադարել են նկատել Ադրբեջանում տիրող սանձարձակ կամայականությունը։ Մինչդեռ ընդամենը 10 տարի առաջ արևմտյան ԶԼՄ-ներում մեկը մյուսի հետևից հրապարակվում էին հոդվածներ ու լրագրողական հետաքննություններ, որոնք բացահայտում էին այդ երկրում տիրող հրեշավոր կոռուպցիան և դրա հիմնական կրողներին՝ նախագահի ընտանիքի անդամներին։ Այդ հետաքննություններում խոսվում էր աշխարհի տարբեր երկրներում Ալիևների դուստրերի և որդյակի բազմամիլիոնանոց ունեցվածքի մասին, երկրի ներսում և դրսում կոռուպցիոն գործարքների հստակ հաստատված սխեմայի մասին, ինչի արդյունքում մի քանի իշխանական կլաններ, և առաջին հերթին՝ Ալիևների ընտանիքը, դարձել են հեքիաթային հարստության տեր։
ԴԵՌԵՎՍ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՏԱՐԱՓ ԷԻՆ ՏԵՂՈՒՄ Ադրբեջանում զանգվածային քաղաքական բռնաճնշումների, խոսքի ազատության և լրագրողների իրավունքների կոպտագույն խախտումների, իրավապաշտպանների և քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների և նրանց նկատմամբ հաշվեհարդարի մասին։ Իսկ «խավիարային դիվանագիտություն» և «ադրբեջանական լանդրոմատ» արտահայտությունները դարձել էին հասարակ անուն՝ բնորոշելու համար միջազգային կազմակերպություններում, ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում և ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև տարբեր երկրների կառավարություններում ու խորհրդարաններում առկա համակարգային կոռուպցիան, որի հետևում կանգնած էր կրկին իսկ Բաքվի հանցավոր ռեժիմը։
Այսօր արդեն գրեթե ոչ ոք չի նկատում Ալիևի ավտորիտարիզմը և նրա տոտալիտար իշխանությունը. ո՛չ իրավապաշտպան կազմակերպությունները, ո՛չ հետաքննող լրագրողները, ո՛չ իրավապահները, որոնք ժամանակին բացահայտում և նույնիսկ դատում էին Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ բռնված առանձին պատգամավորներին Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Բոլորը գոհ են Ալիևից, թեև միայն վերջին երեք տարիներին նրա անմիջական հրահանգով ցեղասպանություն և էթնիկ զտումներ են իրականացվել հայկական Արցախում, իսկ Ադրբեջանը հրաժարվել է կատարել արցախցիների Հայրենիք վերադարձի իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։
Մոռացվել են Եվրախորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի, ԵԽԽՎ-ի և միջազգային այլ կազմակերպությունների բազմաթիվ բանաձևերն ու հայտարարությունները, ասես ոչինչ չի էլ եղել։ Միայն ընթացիկ տարում Ալիևն իր երկրում փակել է ՄԱԿ-ի չորս ներկայացուցչություններ, Transparency International-ի և եվրոպական Erasmus+ ծրագրի գրասենյակները: Կասեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը և փակել «Ռուսական տունը»:
Վերջապես, ամռանը Բաքվում փակվեց հումանիտար խոշորագույն կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը։ Եվ սա այն երկրում, որտեղ միայն քաղբանտարկյալների թիվն անցնում է 350-ից (տարեսկզբի դրությամբ), և որտեղ մի քանի տասնյակ հայ գերիներ հայտնվել են բացարձակ մեկուսացման մեջ և մարդակեր-բռնակալի տիրապետության տակ՝ զրկված անգամ այն նվազագույն ուշադրությունից, որն ապահովում էր ԿԽՄԿ-ն։
Ոչ ոք կշտամբանքի նույնիսկ ամենամեղմ խոսքեր չասաց Ալիևին։ Այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որն անտեսեց համաշխարհային ԶԼՄ-ների բազմաթիվ քննադատական հրապարակումները СОР-29 համաժողովի նախօրեին և ամենաջերմ կերպով շփվեց բռնապետի հետ, որի համար Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը վաղուց վերածվել է զուգարանի թղթի։ Եվ որը, կրկնեմ, արդեն 2 տարի ցուցադրաբար չի կատարում նույն այդ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ՝ ուղղված ընդդիմադիր կուսակցությունների և մամուլի վերջին մնացորդների դեմ, որոնց, ի դեպ, ֆինանսավորում էին նույն արևմտյան հիմնադրամները, սաստկացան այս տարեսկզբին և բազմաթիվ ձերբակալությունների հանգեցրին հունիսին. մոտ 10 լրագրողներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներ, դատապարտվեցին տևական ազատազրկման: Բացի պրոֆիլային ՀԿ-ների կողմից հպանցիկ դատապարտումից և «Freedom House»-ի ժողովրդավարության վարկանիշում «անազատ երկիր» գնահատականից, ինչի վրա Ալիևը վաղուց թքած ունի, ոչ մի արձագանք չեղավ արևմտյան երկրներից և կազմակերպություններից։
Ընդհակառակը, վաղուց կայացած բռնապետ Ալիևն ու նրան սրընթաց հավասարվող «հայրենակից» Փաշինյանն այսօր Արևմուտքի սիրելիներն են։ Նրանք գուրգուրված են և՛ ԵՄ ղեկավարության, և՛ ԱՄՆ վարչակազմի կողմից, նրանց ամենուր հրավիրում են որպես «խաղաղության» ձեռքբերման ցուցանմուշներ, ջերմագին սեղմում են նրանց ձեռքը, գրկախառնվում և անվանում ընկեր, ինչպես, օրինակ, Փաշինյանին՝ Մակրոնը, որը ժամանակին խոստացել էր լինել բռնազավթված և բոլորի կողմից դավաճանված Արցախի ջերմ պաշտպանը։
Այդ երկուսի բռնապետական ակնհայտ հակումները, ժողովրդավարության բոլոր և ամեն տեսակի նորմերի ու մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների խախտումներն արդեն ոչ մեկի համար կարևոր չեն։ Արևմուտքը բարեհաճորեն աչք է փակում Հայաստանում կատարվող ամենի վրա առաջիկա ընտրությունների համատեքստում՝ մեկ նպատակով. չխանգարել Նիկոլին սեփական վերընտրությունը նախապատրաստելու գործում։ Ցանկացած միջոցներով: Եվ դա շատ հստակ նշանակում է, որ նրան կներվեն հնարավոր բոլոր խախտումները և՛ ընտրություններից առաջ, և՛ ընթացքում, և՛ հետո, քանզի նրա հրահանգիչները բոլորից լավ գիտեն. առանց այդ ողջ քրեական հավաքածուի նա չի պահպանի իր իշխանությունը։
Իշխանություն, որն այնքա՜ն պետք է ժողովրդավարական Արևմուտքին։ Բռնապետներ Ալիևն ու Փաշինյանն այնքան են անհրաժեշտ ուժի կենտրոններին՝ դեռ մի քանի տարի առաջ գոյություն ունեցող աշխարհակարգի վերաձևումը ավարտելու համար, որ նրանց պատրաստ են ներել և ներում են բոլոր հանցագործությունները։ Առավելևս՝ սեփական ժողովուրդների դեմ կատարած։