Логотип

Փաստաբանների պալատը մտահոգ է պետության ներկայիս գործելաոճի առնչությամբ

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը իր խիստ մտահոգությունն է հայտնում պետության ներկայիս շարունակվող գործելաոճի առնչությամբ և շեշտում, որ այն չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։ Այս մասին նշված է պալատի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանի վերաբերյալ։ Օրեր առաջ էլ դատարանը կալանավորման որոշում կայացրեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ։

Հանձնաժողովը․

• ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կարող է լինել կալանավորումը.

• ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին մանրամասն քննության ենթարկել Ռուբեն Մխիթարյանի և նրա պաշտպանների հաղորդումները փաստաբանի մասնագիտական գործունեության և իրավաբանական օգնություն տրամադրելու շրջանակներում ձերբակալվելու մասին.

• ՀՈՐԴՈՐՈՒՄ Է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ձեռնպահ մնալ փաստաբանական գործունեության անկախությունը, մասնագիտական գործունեության ազատությունը վտանգող և փաստաբանի մասնագիտության հեղինակությունն խաթարող հետագա գործողություններից:

Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը նրա մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Ընդգծում են՝ փաստաբանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեն, որոնք կհիմնավորեն՝ քրեական վարույթը չի կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ անհարեժշտ է կիրառել ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:

Sputnik Արմենիա