Логотип

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԼԻՆԵԼ, ԱՍՏՎԱԾԱԲԱՆԸ` ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ

Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կարող է ծայրահեղ բացասական հետևանքների հանգեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը։

«Նման իրավիճակը կարող է կապված լինել տարբեր խնդիրների հետ, օրինակ՝ իշխանության վերարտադրության, քանի որ եկեղեցին ընդդիմադիր դիրքորոշում ունի։ Այսօր բոլորս հայտնվել ենք յուրօրինակ լարման խճապատկերի կենտրոնում, և միայն միասնականությունը կարող է օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը նման իրավիճակում շատ մեծ է, ու չի կարելի կոտրել նման ուժը»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` եկեղեցու առավելությունները հօգուտ հայ ժողովրդի կիրառելու փոխարեն իշխանությունը եկեղեցու դեմ է դուրս եկել։

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին (նախկինում Արամ քահանա Ասատրյան. խմբ․), որը հայտարարել է, թե հոկտեմբերի 25-ին Սուրբ պատարագ է մատուցելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ պատրաստվում է ներկա լինել այդ պատարագին։

Աստվածաբանը շեշտեց՝ նման կարգավիճակ ունեցող անձը չպետք է իրեն թույլ տա շարունակել գործունեությունը. դա եկեղեցին տրոհելու յուրօրինակ ձև է, և ոչ մի դեպքում չի կարելի դիմել դրա օգնությանը։

«Հետևանքները ծայրահեղ բացասական կարող են լինել՝ հանգեցնել եկեղեցու ներքին պառակտման, նոր Հայ առաքելական եկեղեցու ձևավորման ինչ-որ գործընթացի, ինչն անթույլատրելի է ու կործանարար»,– ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաալիքի փակմանը, ապա, Խաչատրյանի խոսքով, այդպիսով կսահմանափակվեն հայ առաքելական եկեղեցու քարոզչության, ինչպես նաև հայ հասարակությանը կրոնական կյանքի մասին տեղեկատվության տրամադրման հնարավորությունները։

Աստվածաբանի խոսքով՝ հեռուստաալիքը փակվում է առանց լուրջ փաստարկի ու հիմնավորման, մինչդեռ հասարակությունը կարիք և պահանջ ունի ծանոթանալու հայ առաքելական եկեղեցու կյանքին։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։

Sputnik Արմենիա