Եթե օրենքով արգելեն Արարատի տեսարանով տների գովազդը, գները կնվազեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կեսկատակ–կեսլուրջ այս տեսակետը հայտնեց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը` մեկնաբանելով իշխանությունների ջանքերը` ուղղված շուկայի կարգավորմանը։
Բանն այն է, որ «Ռիելթորական գործունեության» մասին օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների բովանդակությունը։ Եթե օրենքն ընդունվի, ենթադրվում է, որ գույքի վաճառքի մասին հայտարարությունում չի կարող որպես առավելություն նշվել Արարատի տեսարանի մասին հիշատակումը, քանի որ սահմանվում է հայտարարության կոնկրետ ձև` հստակ, առարկայական նկարագրերով։ Այս կարգավորումը ոլորտի մասնագետների համար այնքան էլ ընդունելի չէ։
«Իրենք տալիս են որոշակի ինչ-որ ձևաչափ կամ ինչ-որ բառամթերք, որից այն կողմ չպիտի անցնեք։ Բայց չի կարող ցանկացած գույք միայն ստանդարտ ձևով ներկայացվել, օրինակ` հատակի նյութերի բաղադրություն, պատերի և այլն։ Կան մարկետինգային հնարքներ, որոնք մասնագետներն ու վաճառողներն իրենք պետք է ընտրեն իրենց հայտարարության համար»,– ասաց Հարությունովը։
Մասնագետը չհերքեց, որ հայտարարության մեջ կարող են լինել ինչպես միտումնավոր, այնպես էլ պատահական տեղ գտած անճշտություններ։ Դրա համար առաջարկում է վերահսկող մարմնին նախազգուշացնել օգտատիրոջը և կոնկրետ ժամանակ տալ սխալը շտկելու համար։ Իսկ ժամկետը լրանալուց հետո կիրառել պատասխանատվության միջոց։
ԱԺ–ի քննարկմանը ներկայացված ու առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել պետական միասնական քաղաքականություն։ Մասնավորապես նախատեսվում է ստեղծել առուվաճառքի ենթակա անշարժ գույքի միասնական տեղեկատվական բազա, որը, օրինագծի հեղինակների կարծիքով, գործարքները վերահսկելու հնարավորություն կտա` ապահովելով անշարժ գույքի վաճառքի կայքերում ճշմարիտ տեղեկատվության հրապարակումը։
Հարությունովի խոսքով` օրենքը ոլորտի մասնագետների համար ընդհանուր առմամբ սպասված է, բայց դրա որոշ կարգավորումներ լուրջ մտահոգություններ են առաջացնում։
Օրինակ`նոր օրենքով անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալներից պարտադիր պահանջվելու է բարձրագույն կրթություն, մինչդեռ հայաստանյան որևէ բուհում ռիելթորի մասնագիտություն չի դասավանդվում։
Այս պարագայում, Հարությունովի համոզմամբ, օրենքի պահանջը անորոշ ու ինքնանպատակ է դառնում, քանի որ պարզ չէ, թե ինչ մասնագիտացում պիտի ունենա գործակալը։
«Եթե ԱԺ պատգամավորի, ԱԺ հանձնաժողովի նախագահի համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, ապա ինչո՞ւ է դա պարտադիր տների առուվաճառքով զբաղվող անձի համար»,– օրենսդիրներին հռետորական հարց է ուղղում մասնագետը։
Նա առաջարկում է օգտվել միջազգային հաջողված փորձից։
«Զարգացած երկրներում բարձրագույն կրթությունը գրեթե ոչ մի տեղ պարտադիր չէ։ Դրա փոխարեն կան դասընթացներ, օրինակ` Կանադայում։ Ովքեր ուզում են գործակալ դառնալ, գնում են, վճարում, սովորում, 6 ամիս հետո քննություններ հանձնում և որակավորում ստանում գործակալ աշխատելու համար։ Կարծում եմ` ճիշտ կլինի` մեզ մոտ էլ նման մեթոդ կիրառվի»,– ասաց Հարությունովը։
Բացի այդ, օրենքով նախատեսվում է ստեղծել շտեմարան, որտեղից ֆիզիկական անձինք պետք է ուղղորդվեն դեպի այն հարթակներ, որտեղ անշարժ գույքի առուվաճառքի հայտարարություններ են։ Ոլորտի մասնագետները կողմ են այս գաղափարին, քանի որ շուկան այսօր ողողված է ֆեյք հայտարարություններով։
«Բազմաթիվ մարդիկ` թե՛ արտասահմանից, թե՛ Հայաստանում, անշարժ գույք են ձեռք բերել, ֆինանսական վճարները արել են, բայց փաստացի ձեռքբերված գույքը չի դարձել իրենց անունով։ Փաստաթուղթը գնացել է Կադաստրի կոմիտե, մերժվել է։ Բայց վաճառողը, որը կեղծված փաստաթղթեր է ներկայացրել, գումարը արդեն վերցրել, փախել է։ Այսպիսի բազմաթիվ քրեական գործեր կան այսօր հարուցված»,– նշեց Հարությունովը։
Նման խնդիրներից խուսափելու համար օրենքի նախագծով նախատեսվում է, որ վաճառքի մասին հայտարարություն հրապարակելուց կամ վաճառքը անշարժ գույքի գործակալին պատվիրակելուց առաջ սեփականատերը նախ պետք է գույքը նույնականացնի Կադաստրի կոմիտեի շտեմարանում առկա տվյալների հետ։ Այսինքն`Կադաստրի կոմիտեն պետք է հավաստի, որ նման գույք գոյություն ունի, չունի խնդիրներ և կարող է վաճառքի դրվել։
Միայն թույլտվությունը ստանալուց հետո սեփականատերը կամ գործակալը կկարողանան վաճառքի հայտարարությունը հրապարակել մասնագիտացված կայքերում։
Հարությունովի խոսքով` նույնականացումը լավ գործիք է, բայց խնդիրն այն է, որ նույնականացումն անցնելուց անմիջապես հետո նույնականացման հարթակը այցելուին առաջարկում է իր հայտարարությունը տեղադրել որոշակի հարթակներում։ Այս հանգամանքը մասնագետները ընկալում են որպես պետության կողմից ուղղորդում։
«Հիմա շատ տարածված է սոցկայքերով գովազդներ անելը։ Ոլորտի 70-80%-ը այդ ձևով է աշխատում` հա՛մ հայտնի կայքերում են տեղադրում, հա՛մ սոցիալական կայքերում, ընդ որում` առանց ոչ մի տեղ գրանցվելու, առանց հարկեր վճարելու։ Մենք էլ ասում ենք՝ բա իմաստը ո՞րն է այս փոփոխության, եթե դա չի նպաստելու ստվերում աշխատողներին հարկային դաշտ բերելուն։ Ասում են` դա մեր տիրույթում չէ։ Ստացվում է, որ փաստացի ավելի խստացվում է օրինական դաշտում աշխատողների վերահսկողությունը, բայց ստվերում աշխատողները ծաղկելու են։ Այս հարցում մենք շատ լուրջ մտավախություններ ունենք»,– ընդգծեց Հարությունովը։
Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան շարք առաջարկներ է ներկայացրել ինչպես օրենքի հեղինակ պատգամավորներին, այնպես էլ Կադաստրի կոմիտեի նախագահին։ Որոշ փոփոխություններ արվել են նախագծի մշակման փուլում, որոշները խոստացել են հաշվի առնել առաջինից երկրորդ ընթերցումների միջակայքում։
Թե որքանով նախագիծը ցանկալի տեսքի կբերվի, ժամանակը ցույց կտա, բայց այս պահին առկա իրողությունը ոլորտի ներկայացուցիչներին, մեղմ ասած, չի բավարարում։