ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենց անհրաժեշտ նպատակին չեն հասնի։ Այս մասին նա ասել է լրագրողներին։
«Չեղարկել ենք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Զգացողություն կար, որ դա սխալ է։ Ինձ թվաց` անհրաժեշտ նպատակին չենք հասնի», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև հայտարարել է, որ չնայած Բուդապեշտում նախատեսված հանդիպման չեղարկմանը, մտադիր է Պուտինի հետ հանդիպել ապագայում։
Նախորդ շաբաթ ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդներն անցկացրին տարեսկզբից արդեն ութերորդ հեռախոսազրույցը։ Երկու ժամ տևած զրույցից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը առանց հապաղելու կսկսեն նախապատրաստվել երկու առաջնորդների նոր հանդիպմանը, որը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում։ Ուշակովի խոսքով՝ որպես բանակցությունների հարթակ Հունգարիայի մայրաքաղաքն առաջարկել է ամերիկացի առաջնորդը, Ռուսաստանի նախագահն էլ աջակցել է այդ գաղափարին։
Sputnik Արմենիա