Փարաքարի արդեն նախկին համայնքապետի սպանության գործը դեռևս չի հասել պատվիրատուների և կազմակերպիչների բացահայտմանը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ սպանության հիմնական օղակները մնում են անհայտ։ Թերթը նկատում է՝ քանի որ իրավապահ մարմինները վերջին շրջանում ծանրաբեռնված են քաղաքական ձերբակալություններով և Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող գործողություններով, նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով էական առաջընթաց չի արձանագրվել։
Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, օրաթերթի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլև պատվիրատուներ ու կազմակերպիչներ:
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Մերձավանի նախկին համայնքապետ Մեհր Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Armenia Today