Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու մասին հարցը: Այն ավագանու նիստին ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավարը նկատեց՝ Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցն առնվազն 10 տարի է, ինչ օրակարգում է:
«Լենինգրադյան փողոցի անվանափոխման նախագիծը «Ելք» խմբակցությունը ներկայացրել է նաև 2017 թվականին, որտեղ եղել է քաղաքացիների 10,000 և ավելի ստորագրություն, որոնք դիմել էին, որպեսզի Լենինգրադյան փողոցն անվանափոխվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, բայց քանի որ Հանրապետական իշխանությունն այդ օրը ֆոկուս արեց և օրակարգի սկզբում բերեց, Ազգալդյանի անունով անվանակոչեց Սարալանջում գտնվող մի փոքր փողոց, հետևաբար օրակարգի վերջում դրված [հարցը]՝ Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով անվանափոխելու, էլ չստացվեց»,- ասաց նա:
Նախաձեռնությունը նաև քվեարկության է դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում և արժանացել է քաղաքացիների հավանությանը:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծիք հայտնեց, թե որոշումը քաղաքական բաղադրիչ ունի, ապա հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իր հերթին կարծիք հայտնեց, թե «Մայր Հայաստան» խմբակցությունը չէր էլ կարող կողմ քվեարկել նախագծին՝ անկախ այն հանգամանքից, թե ում անունով այն կանվանափոխվեր. «Եթե դուք կողմ քվեարկեք, հավանաբար 24 ժամ հետո ձեր գրասենյակները, բոլոր տարածքային կառույցները կլուծարվեին, կփակվեին, և ձեր նորաստեղծ կուսակցությունն ինքնալուծարման կենթարկվեր»:
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը, և կարծիք հայտնեց, թե պետք չէ հարցը քաղաքականացնել:
Քվեարկության արդյունքում 37 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց:
News.am