Логотип

Մանուկ քահանա Զեյնալյան․ Եթե կաթողիկոսին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան

Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան։ Այսօր Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզի Կարմրավոր եկեղեցու և ևս 8 գյուղերի հոգևոր հովիվ Մանուկ քահանա Զեյնալյանը` հավելելով, որ բանտում մարդիկ կօրհնվեն։

«Ուր էլ տանեն, Վեհափառը մնալու է Վեհափառ, ուր էլ տանեն, այդ տեղը դառնալու է Վեհարան։ Թող գրոհեն»,– ասաց քահանան։

Տեր Մանուկը հիշեցրեց, որ պատմության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինը չէ, որ գրոհում է Վեհարանի դեմ։

«Այնքա՜ն են հարձակվել։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին չխեղդեցի՞ն։ Մեր եկեղեցին ավելի ծանր օրեր է ունեցել։ Աստծու կամքն է, Տիրոջ ողորմությունն է, Աստված կտնօրինի ամեն բան»,– նշեց հոգևորականը։

Լրագրողները հիշեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «վեհարանը ազատելու» սցենարին, ըստ որի` որևէ ամուսնացյալ քահանա պետք է նշանակվի Կաթողիկոսական տեղապահ, իսկ կաթողիկոսը պետք է որոշվի Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը փոխելուց և նորը հաստատելուց հետո։ Նրանք հարցրին` արդյոք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կլինի՞ կաթողիկոս։

«Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ ասում է՝ ինչ էլ որ կլինի, Հիսուս Քրիստոսով խնդա և ուրախ եղիր։ Հիմա դուք բոլորդ էլ, մեր ժողովուրդը, մեր հավատավոր ժողովուրդը թող Տիրոջով խնդան և ուրախ լինեն»,– պատասխանեց քահանան։

Sputnik Արմենիա