Логотип

Վճռական շարժվելու ենք առաջ․ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանի անմեղությունը պաշտպանելու մասին

Մեր պայքարում վճռական շարժվելու ենք առաջ, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կալանավորված անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի անմեղությունը պաշտպանելուն։

Հարությունյանն ընդգծել է, որ դատարանը չի ներկայացրել Մխիթարյանի կողմից իրեն վերագրվող արարքները հիմնավորող գեթ մեկ ապացույց, մինչդեռ պաշտպանական կողմը ներկայացրել էր նրա անմեղությունը հիմնավորող օբյեկտիվ ապացույցներ։

«Հիմնավոր կասկածի իսպառ բացակայության պայմաններում ներկայացրել էինք այլընտրանքային խափանման միջոցների համակցության այնպիսի միջնորդություն (մեծ գրավ, տնային կալանք կամ վարչական հսկողություն), որն այդ նույն հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում նույնիսկ ավելորդ էր, իսկ այն չբավարարելը` զավեշտալի։ Ավելին՝ այն ինչ երեկ տեղի ունեցավ դատական նիստին ու հայտնի դարձավ ներկաներին, ապշեցնելու է բոլորին, բայց դրա մասին հետո՝ պատեհ պահին»,- նշել է փաստաբանը։

Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին ավելի ուշ կալանավորել էին։

Armenia Today