«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում չնայած «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հոսանքի կորուստները տեխնիկական կորուստներից ավելի շատ են։
«Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5,2 մլն դրամ աշխատավարձ ստացող Պետրոսյանն աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին և շարունակում է ազատել»,- գրել է թերթը:
Նշվում է, որ ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախևառաջ լուծարվում, և նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ ներկայացուցիչներ։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Պետրոսյանն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնք որևէ անձնական կապ ունեն նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ։
ՀԷՑ-ի շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին «Տաշիր» ընկերության խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ում ընկերությանը պատկանում է ՀԷՑ-ը, հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Armenia Today
