Логотип

Փորձ է արվում ամբողջատիրություն ստեղծել․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին

ՀՀ իշխանությունները փորձ են անում ամբողջատիրություն ստեղծել՝ բոլոր մեղքերը բարդելով ընդդիմադիր և ընդդիմախոս քաղաքացիների վրա։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին։

«Բոլորս արհավիրքի մեջ ենք, ու փորձ է արվում ՀՀ-ում մեղքը բարդելով բոլորի՝ անցյալի գործիչների, եկեղեցու, փաստաբանների, անհատների վրա, որպեսզի ստեղծվի ամբողջատիրություն մինչև 2026 թվականի ընտրությունները։ Այդ ամբողջատիրությունն իմիտացիա է՝ պստլիկ մարդկանց փորձ է մեծ դիկտատորներին կրկնօրինակելու։ Ցանկանում են մտայնություն, վիճակ ու միջավայր փոխել, այս վիճակի շարունակության դեպքում ներկա իշխանություն չպետք է կարողանա վերարտադրվել։ ՀՀ իշխանությունը վերևից հրահանգավորված է, թուրքական և ադրբեջանական շահի հետ համընկնումներն ակնհայտ են»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ հասարակությունը պետք է արթնանա ու իր իրավունքների տերը դառնա։ Վստահեցրեց՝ ներկա իշխանության դեմ հնարավոր չէ պայքարել հին ձևերով, և քաղաքական ներկա ու նախկին ուժերը պետք է դուրս գան այդ պատրանքից։ Քաղաքական գործիչը շեշտեց, որ պայքարելու համար նոր համախմբում, նոր մտածելակերպ, նոր տեխնոլոգիաներ ու կիրառական փորձ է անհրաժեշտ։

Հովհաննիսյանը նշել է, որ հայ հասարակությունը պետք է հաղթահարի անտարբերությունը, գիտակցի պետության ճակատագրի համար պատասխանատվությունը և օգտագործի երկրի լիիրավ տերը լինելու իր իրավունքը:

Ինչ վերաբերում է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Հովհաննիսյանը շեշտեց, որ դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչ ֆորմատով են մասնակցելու։ Ընդգծեց՝ հաջողության հասնելու համար լայն համախմբում է անհրաժեշտ քաղաքական և հասարակական ուժերի շրջանում։

Նշենք, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ամռանը։