Логотип

ԵԹԵ ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆ ԲԵՐԵՆ ՍԱՖԱՐՈՎԻՆ, ԱՊԱ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ» ՆՐԱ ՀԵ՞Տ ԷԼ ԿՀԱՆԴԻՊԵՆ

Սոցցանցերն արդեն երկրորդ օրն է շիկացած են Երևանում Հայաստանի և Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հանդիպման քննարկումից։ Անմիջապես նշենք, որ չակերտներն այստեղ ամենևին էլ պատահական չեն. թե ինչպիսին է քաղաքացիական հասարակության վիճակը, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության փաստը Ալիևի սուլթանությունում՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, ինչպես որ հանրահայտ է այն փաստը, որ այդ երկրում բոլոր հասարակական կազմակերպությունները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։

ԲԱՑԻ ԱՅԴ, ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՄՈՏ ԿԱՍԿԱԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ ՆԱԵՎ ԱՅՆ ՓԱՍՏԸ, որ քաղաքացիական ակտիվիստների անվան տակ Բաքուն միշտ էլ նման հանդիպումների է ուղարկել և ուղարկում ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ սերտորեն կապված և դրանց հաշվետու մարդկանց: Սակայն տվյալ դեպքում նույնիսկ դա չէր, որ հարուցեց հայ հանրության առանձնակի զայրույթն ու վրդովմունքը, այլ մեկ այլ հանգամանք։ Այն է՝ Երևան եկած ադրբեջանցիների խմբում բացահայտ հայատյացության և հակահայկական քարոզչության մեջ վաղուց նկատված սուբյեկտների առկայությունը։

Ավելին, նրանց մեջ էր ոմն Էֆենդիևան, որը 2022 թվականի դեկտեմբերին Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակմանը մասնակցած «բնապահպան» ակտիվիստներից մեկն է։ Ինչպես հաղորդեցին հայ փորձագետները, սույն խանումը հեռուստաալիքների եթերից և մամուլի էջերից ստում էր, թե իբր՝ «էկոակտիվիստները» պատրաստ են Արցախից Հայաստան թողնել շտապօգնության մեքենաները։ Թե ինչպես էին նրանք «թողնում» այդ մեքենաները, հիմա՝ գրեթե 2 տարի անց, ավելորդ է հիշատակել։

Բացի այդ, ըստ հայկական ԶԼՄ-ների, Երևան են եկել Ֆարհադ Մամեդովը և Քամալա Մամեդովան: Առաջինը հայտնի է իր այն հայտարարություններով, թե «հայերն ինքնակամ են լքել Արցախը և ոչ մի էթնիկ զտում չի եղել», իսկ երկրորդը «1նյուզ.ազ» կայքի գլխավոր խմբագիրն է, որը վերահսկվում է Ալիևի ռեժիմի կողմից և աչքի է ընկնում մոլի հայատյացությամբ (ասենք, դա բնորոշ է ադրբեջանական անխտիր բոլոր ԶԼՄ-ներին)։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է փորձագետ Անժելա Էլիբեգովան, ադրբեջանական պատվիրակության անդամների մեծ մասը նախկինում բազմիցս արտահայտվել է հայատյաց ոգով, հրապարակել ծաղրալից մեկնաբանություններ և վիրավորական հայտարարություններ Հայաստանի հասցեին:

Ահա այսպիսի «քաղաքացիական հասարակության ակտիվիստների» են Երևան ուղարկել Բաքվի «խաղաղասերները», իսկ նրանց ոչ պակաս «խաղաղասեր» հայ հանցակիցները, առանց աչքը թարթելու, հյուրընկալ ու ջերմ ընդունեցին նրանց, կլոր սեղան կազմակերպելով հայ ակտիվիստների հետ, որոնք նույնքան ջերմ ու անհոգ, ինչպես երևում է լուսանկարներում, շփվեցին նրանց հետ։

Հայաստանի օկուպացիոն ռեժիմի հյուրերին ընդունեց նաև Անվտանգության խորհրդի փաշինյանական քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը, ինչպես հայտնի է, ծնունդով արցախյան Մարտունիից է: Եվ այս փաստն առանձնահատուկ վրդովմունք հարուցեց, հատկապես արցախցի փախստականների միջավայրում։

ՊԵՏՔ Է ՆՇԵԼ, ՈՐ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ, երբ ոչ մի «խաղաղություն» չկար։ Եվ խոսքը միայն վերջին 5-7 տարիների մասին չէ. առաջին նախադեպերը վերաբերում են դեռևս 90-ականների կեսերին ու վերջին, ընդ որում այդ հանդիպումներն անցկացվում էին ոչ միայն երրորդ երկրներում, այլև Երևանում ու Բաքվում։ Այնպես որ առանձնակի իրարանցում չէր առաջացնի նաև այս նախաձեռնությունը, եթե Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր (դա որևէ կասկածից վեր է) չընդգրկեր խմբում Էֆենդիևային։

Եվ եթե Հայաստանի վայ-ղեկավարությունը միտումնավոր (դա նույնպես կասկածից վեր է) չհամաձայներ նշյալ առանձնյակի այցին Երևան, իսկ հայաստանյան «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները չհամաձայնվեին հանդիպել «ակտիվիստուհու» հետ (ի դեպ, պարզվում է, որ նա ոչ մի բնապահպան էլ չէ), որը, ի թիվս այլոց, ակտիվորեն մասնակցել է շրջափակմանը՝ սովի ու ցրտի, ցեղասպանության և մահվան դատապարտելով հայ երեխաներին, կանանց, ծերերին. 120 հազար հայերի։

Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում չէին կարող չհասկանալ, թե ինչ ցավ կպատճառի հենց արցախցիներին տվյալ արարածի ժամանումը, և արեցին դա միտումնավոր։ Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչները, անշուշտ, պարտավոր էին գիտակցել դա և տարրական համերաշխություն ցուցաբերել հայրենակիցների հետ, չենք խոսում արդեն սեփական արժանապատվության զգացումի մասին՝ հրաժարվելով հանդիպել առնվազն Էֆենդիևայի հետ: Բայց դա, ամենայն հավանականությամբ, չի էլ անցել Ալիևի և Փաշինյանի ցինիկ սադրանքին տրվածների մտքով։

Ի դեպ, նշենք նաև հայ մասնակիցների անունները. Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, Նաիրա Սուլթանյան, Նարեկ Մինասյան և Սամվել Մելիքսեթյան: Նույնիսկ եթե հանդիպման պահին նրանք չգիտեին, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց կողքին նստածներից մեկը, կարելի էր հատուկ հայտարարությամբ հանդես գալ արդեն պարզելուց հետո։ Բայց նրանցից ոչ մեկը դա չարեց: Արմեն Գրիգորյանի մասին խոսելը վաղուց անիմաստ է։ Այն մարդը, որը սիրով ընդունում և ուրախ ժպտում է նրանց, ովքեր բռնազավթել են իր հայրենիքը (թեև նրա դեպքում դա լոկ ծննդավայր է), ոչնչացնում են ազգային սրբավայրերը, ատելություն տիրաժավորում արցախցիների նկատմամբ, այն մարդը, որն ընդունում է Արցախի շրջափակմանը և ցեղասպանությանն անձամբ մասնակցած «ակտիվիստուհուն», արժանի է թերևս միայն խղճահարության՝ իր ակնհայտ թերարժեքության պատճառով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՐՑ ՉՏԱԼ. Ի՞ՆՉ «ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԽՈՍՔԸ, Եթե Ալիևը Երևան է ուղարկում նրանց, ովքեր բացահայտ ատում են հայերին և բազմիցս դրսևորել են սեփական հայատյացությունը: Ում մեջ չկա տարրական մարդասիրություն և կարեկցանք մարդկանց հանդեպ լոկ այն պատճառով, որ նրանք հայ են։ Փաշինյանական ոհմակի պարագայում վաղուց և ամեն ինչ պարզ է, բայց դուք, պարոնայք Քոչինյան, Նավասարդյան, Մինասյան, Մելիքսեթյան և տիկին Սուլթանյան, մի՞թե պատրաստվում եք խաղաղություն կառուցել ու երկխոսություն հաստատել նրանց հետ, ովքեր բացահայտ ատում են անձամբ ձեզ, որովհետև հայ եք։

Նույն Էֆենդիևան, չկասկածեք, նույնքան ակտիվորեն կպայքարի արդեն Հայաստանի Հանրապետությունում հայերի ցեղասպանության համար, այդ թվում՝ ձեր և ձեր երեխաների։ Արժե՞ր արդյոք այդպես վարկաբեկել սեփական հեղինակությունն ու գործունեությունը, այն աստիճան նսեմանալ, որ հանգիստ ու ջերմ հաղորդակցվես հայատյացների հետ, երբ ոզնուն էլ պարզ է, թե ինչ արժե հազարավոր հայերի արյան ու տառապանքների թանձր շաղախով կառուցած «խաղաղությունը»:

«Է, բա վաղը Ռամիլ Սաֆարովին կբերեն ու կնստացնեն Բորյայի ու Սուլթանյանի դեմը՝ որպես ադրբեջանական քաղհասարակության վառ ներկայացուցիչ։ Էլի նույն ատմազկո՞վ պետք ա ընդունենք։ Թե՞, ֆսյո ժե, պետք ա էդ մեր քաղհասարակության բալամներից գոնե մի քիչ արժանապատվություն ակնկալենք»,- գրել է սոցցանցերի օգտատերերից մեկը։

Այդ միտքը՝ մարդասպան-մոլագար սաֆարովին Հայաստան բերելու հնարավորության մասին, կարմիր թելի պես անցնում է բազմաթիվ գրառումների ու մեկնաբանությունների միջով։

Այսպիսի իշխանությունների և այսպիսի «ակտիվիստների» առկայության պարագայում իսկապես ամեն ինչ հնարավոր է։

Շուտով համանման հանդիպում, անկասկած, կկազմակերպվի արդեն Բաքվում։ Եվ մեծ հավանականություն կա, որ Հայաստանի «քաղաքացիական հասարակության» նույն կամ նրանց նման ներկայացուցիչները կհամաձայնեն հանդիպել Սաֆարովի հետ, որը կպատմի, որ քնած ժամանակ կացնահարված 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանն ինքն էր մեղավոր իր մահվան մեջ։ Կպատմի ազերքարոզչության բոլոր այն զազրելի հորինվածքները, որոնք այն ժամանակ՝ 20 տարի առաջ, ջանադրաբար փորձում էին ներկայացնել իբրև ճշմարտություն, բայց չստացվեց… Հիմա, Նիկոլի օրոք կստացվի։

Չե՞ք հավատում: Շատ իզուր։