Կարելի է ասել ոչ մի բան էլ չեն խոսացել ԵՏՀ խորհրդի նիստի ժամանակ։ Ասում են, որ այս հարցով զբաղվում են, բայց մի տարի է` զբաղվում են, հիմա նորից են սկսել զբաղվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդներից Գևորգ Սարգսյանը։
Վարորդը նշում է, որ օրեցօր մուտքի արգելքների թիվը աճում է, անցած շաբաթ նրանց ճանապարհ փակելն էլ հարցը չի լուծել։
«Ճանապարհներ փակելն էլ իր արդյունքը չտվեց, ուզում ենք մի բան անենք, որ լսելի դառնանք։ Տիկին Բեժանյանի հետ էլ ենք զրուցել, ասում է դրական փոփոխություն չկա։ Կառավարությունից դրական արձանգանք ենք ակընկալում»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր, մասնավորապես, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։
