Логотип

ԻՆՉՊԵՍ 2021-ԻՆ ՀՀ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՋԵՑ ԻՐ ՏԱՐԱԾՔԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը (այդ թվում՝ Շուռնուխ գյուղի մի մասը) Ադրբեջանին փաստացի հանձնվելուց 4 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի և ճիշտ ենք արել»։

Փաշինյանի, ինչպես նաև իշխանության մյուս ներկայացուցիչների՝ սահմանի վերաբերյալ տարբեր տարիներին արված պնդումները խիստ հակասում են միմյանց, ինչպես նաև իրականությանը։ Փաստերը խոսում են այն մասին, որ զորքը հետ քաշելու պահին Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չէին պայմանավորվել, թե ինչ հիմքերով և ինչ քարտեզով են որոշելու պետական սահմանը, սահմանազատման հանձնաժողովներ չեն եղել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այդ պահին չէր կարող իմանալ, թե որտեղով է անցնում «միջազգայնորեն ճանաչված սահմանը»։ Եվ ակնհայտ է, որ այս պայմաններում Հայաստանի իշխանություններն իրավունք չունեին Ադրբեջանին հանձնել Շուռնուխ գյուղի բնակելի տները։

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՀՂՈՒՄՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2010Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԻՆ

Չնայած 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարությանը, որը սահմանում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», 2020 թվականի դեկտեմբերին Փաշինյանը որոշում կայացրեց հետ քաշել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում այդ պահին բարենպաստ դիրքեր զբաղեցնող զորքը և ճանապարհի մի մասը զիջել Ադրբեջանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի գրառումը սոցիալական ցանցերում

Իր որոշումը վարչապետը փորձեց հիմնավորել, վկայակոչելով 2010 թվականի «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ 2021թ. հունվարի 20-ին խորհրդարանում ելույթ ունենալով՝ նա պնդեց. «Սյունիքում ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել։ Որովհետև Սյունիքի ներկայիս տարածքը ամրագրված է, այդ թվում՝ «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» 2010 թվականի օրենքով»։

Նմանատիպ հայտարարություն վարչապետն այն ժամանակ արել էր նաև Շուռնուխ գյուղի (մինչև 2020 թվականը Լեռնային Ղարաբաղին սահմանակից – խմբ.) մի հատվածի վերաբերյալ, որն Ադրբեջանին էր հանձնվել արդեն 2021 թվականի հունվարի սկզբին։

«Հերիք է ասեք՝ «Շուռնուխ, Շուռնուխ»… Դուք եք որոշել, որ Շուռնուխից այն կողմ, ճանապարհից այն կողմ, թե չգիտեմ ինչից այն կողմ՝ Ադրբեջանն է։ Երբ դուք (ընդդիմությանը՝ որպես նախկին իշխանություն – խմբ․) կողմ էիք քվեարկում, այն ժամանակ չէի՞ք մտածում։ Չքվեարկեիք։ Ասեիք, որ Շուռնուխից այն կողմ Հորադիզ համայնք է, ԼՂՀ-ն է», – հայտարարեց Փաշինյանը։

Այստեղ երկու լուրջ խնդիր կա։ Նախ՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքում, որն ընդունվել է 1995 թվականին (2010 թ. ընդունվել են միայն փոփոխությունները), չի նշվում, թե կոնկրետ որտեղով է անցնում սահմանային գիծը, այլ միայն նշվում է Ադրբեջանի հետ համայնքների սահմանակից լինելը (դրանց որոշ սահմանները համընկնում են պետական սահմանի հետ)։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում, օրինակ, կա Հայաստանի վարչատարածքային բաժանման քարտեզ, որտեղ նշված են համայնքների և գյուղերի տարածքները։

Հատված ՏԿԵՆ քարտեզից

Այն պատրաստված է Google-ի քարտեզի հիման վրա, թեպետ ամբողջովին չի համընկնում դրա հետ: Ավելին, ինչպես Google քարտեզում, այստեղ էլ Շուռնուխ գյուղի գտնվելու վայրը սխալ է նշված։

Ընդ որում, նույնիսկ այս քարտեզի վրա կարելի է նկատել «ելուստ», որը ենթադրում է, որ գյուղի տարածքը չի սահմանափակվում Գորիս-Կապան ճանապարհով, այլ ընդգրկում է դեպի արևելք ընկած տարածքներ:

Ավելին, կադաստրի կոմիտեի պաշտոնական քարտեզում, որն, ի թիվս այլ հարցերի, արտացոլում է այդ վարչատարածքային բաժանումը, Գորիս-Կապան ճանապարհից դեպի արևելք՝ Շուռնուխ գյուղի մի մասը մինչ օրս գտնվում է Հայաստանի տարածքում (փաստացի՝ վերահսկվում է Ադրբեջանի կողմից)։

Հատված Կադաստրի կոմիտեի պաշտոնական քարտեզից

Երկրորդ՝ առավել լուրջ խնդիրը. իշխանությունների պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը որոշվում է երկրներից մեկի վարչատարածքային բաժանմամբ, իրավական տեսանկյունից, մեղմ ասած, անհեթեթ են։

Ժամանակի ընթացքում նույնիսկ Հայաստանի իշխանությունները գիտակցեցին դա և հրաժարվեցին այդ թեզը կրկնելուց։

Քննադատության չեն դիմանում նաև վարչապետի պնդումները, թե հետքաշումն արվել է Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։

2021-2022 թվականներին Ադրբեջանը ներխուժեց, գրոհեց ԶՈւ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի դիրքերը՝ միայն պաշտոնական տվյալներով գրավելով ՀՀ ավելի քան 200 քառ.կմ տարածք։

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ և ՇՈՒՌՆՈՒԽԸ՝ ԽՍՀՄ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

2021 թվականին իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Սյունիքում զորքերը վերատեղակայվել են ըստ խորհրդային ռազմական քարտեզների։

«Սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում դեմարկացիա կամ դելիմիտացիա, այլ ինչ–որ ձևով անվտանգության ապահովում է ենթադրում, պետք է նույնական մեխանիզմ ընտրվի։ Մեր դեպքում ընտրվել է 1975-76 թթ. քարտեզը` 50 000 մասշտաբով»,–խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ (այժմ՝ Երևանի քաղաքապետ) Տիգրան Ավինյանը։

Նա այն ժամանակ պնդում էր, որ տվյալ քարտեզը գրեթե նույնական է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված սահմանների հետ, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։

Այդ քարտեզը, բնականաբար, չէր կարող նույնական լինել, ինչի մասին մենք արդեն գրել ենք վերը՝ հղում անելով կադաստրի կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքի քարտեզներին։

Արդեն ավելի ուշ՝ 2022 թվականի մայիսին, Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեցին սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Դրանից 2 տարի անց նրանք պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Եվս 1 ամիս անց՝ 2024թ. մայիսի 15-ին, ՀՀ ԱԳՆ-ն հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հայտնեց, որ Բաղանիս-Բերքաբեր հատվածում սահմանազատումը կիրականացվի ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976թ.քարտեզի հիման վրա։

Մեկ շաբաթ անց Փաշինյանը խորհրդարանում արդեն ցույց էր տալիս համապատասխան քարտեզի հատվածներից մեկը, որով կատարվում է սահմանազատումը նշված հատվածում։

«Այդ քարտեզները նկարագրում են Հայաստանի դե յուրե գոյություն ունեցող սահմանները», – ասել էր նա այն ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ կան քարտեզի 19 էջեր (որոնք ներառում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ամբողջ պարագիծը), որոնք կազմվել են 70-ականներին՝ 1969 թվականին անցկացված սահմանազատման հիման վրա։

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ սա 1:100000 մասշտաբի քարտեզ է: 2021թ․Սյունիքում հայկական զորքերը զբաղեցրել են դիրքերը 1։50000 քարտեզով՝ Ադրբեջանին զիջելով Շուռնուխ գյուղի մի մասը։

Այժմ նայենք ԽՍՀՄ ԳՇ 1975 թվականի քարտեզի մեկ այլ հատված՝ 1:100000 մասշտաբով, որը ցույց է տալիս սահմանը, այդ թվում՝ գյուղի տարածքում:

ԽՍՀՄ ԳՇ քարտեզի հատված

Կարելի է նկատել, որ գյուղի հատվածում սահմանն անցնում է ոչ թե ուղիղ Գորիս-Կապան ճանապարհով, այլ ընդգրկում է նրա արևելյան (աջից) տները, այսինքն այն, ինչ փոխանցվել է Ադրբեջանին առանց սահմանազատման։

Եթե սահմանազատման հիմքում դրվեին 1967 թվականի քարտեզները, ապա սահմանն ավելի հեռու կլիներ հայկական գյուղից…

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ իշխանությունները 2020-2021 թթ. ԶՈւ-ն տեղեկայել են «միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով», ի սկզբանե կեղծ է. Հայաստանն ու Ադրբեջանը դրանից միայն 3 տարի հետո են պայմանավորվել, թե ինչպես են սահմանի երթուղին որոշելու։ Փաշինյանն այդ պահին դեռ չգիտեր, թե որտեղով է անցնելու սահմանը։

ԻՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ

1. Հայաստանի իշխանություններն իրավունք չունեին առանց սահմանազատման (!) Ադրբեջանին հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որն այդպիսին էր ըստ կադաստրի կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քարտեզների, և որտեղ բնակվել են ՀՀ քաղաքացիներ և այլն:

2. Անգամ սահմանազատման ներկայիս գործընթացի հիմքում ընկած քարտեզներով Շուռնուխ գյուղի՝ Ադրբեջանին հանձնված հատվածը Հայաստանի տարածքն է (!)։

Հ.Գ. Ի դեպ, 1980-ականներին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման ժամանակ (դա տեղի էր ունենում Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարությամբ) ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզները հիմք չէին ընդունվել։ Գործընթացն իրականացվել էր պետական նախագծային ինստիտուտների քարտեզներով (Հայաստանում դա ՀԽՍՀ գյուղնախարարությանը կից «Հայպետհողշիննախագիծն» էր):

Իսկ հայաստանյան այդ ինստիտուտի նախկին ղեկավար և 80-ականների գործընթացի միակ ողջ մնացած մասնակից Սերգեյ Հարությունյանին իշխանությունները մոռացել են անգամ հարցնել, թե անցյալում ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, էլ չխոսելով աշխատանքներին ներգրավելու մասին։

Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ, Sputnik Արմենիա