Логотип

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՑԻՆԿԵՐ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԳԼԽԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ICES Միջազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ընդդիմության և եկեղեցու հետապնդումները, Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման չեղարկումը, ինչպես նաև Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների խափանման հավանականությունը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում ընդդիմության և հոգևորականների ձերբակալությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը սկսում է նախապատրաստվել ընտրություններին։

«Կաշառքի մեղադրանքով քաղաքապետին հակակոռուպցիոն կոմիտե տանելն ավելի շուտ նման է ցուցադրական «մասկի-շոուի»։ Կարծում եմ՝ դա խոսում է այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է շատ հետաքրքիր իրավիճակ՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխող կոալիցիան վստահ չեն ապագա ընտրությունների ելքի հարցում։ Կոալիցիան, հավանաբար, նայում է Գյումրու օրինակին, որտեղ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ սկսած արևմտամետներից մինչև կոմունիստներ, միավորվել են իշխող ուժի դեմ, շահել են մեկ կամ երկու մանդատ և եկել իշխանության։

Բնականաբար, իշխող կոալիցիան այժմ մտածում է, թե ինչպես թույլ չտալ նման սցենարի կրկնությունը ողջ երկրում։ Ընդդիմությունն, իր հերթին, նույնպես փնտրում է հետագա գործողությունների ուղիներ։ Այն շատ մասնատված է։ Բաց է մնում հարցը՝ որքանով նրանք կկարողանան միավորվել: Արդյոք դա կլինի՞ մեկ դաշինք, թե մի քանիսը, որոնք հետո կմիավորվեն. այդ ամենը դեռ ներքին քննարկումների առարկա է»,- ասել է Ցինկերը։

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումներն, ապա, ըստ քաղաքագետի, գաղափարն ինքնին նորմալ է, եթե ամեն ինչ տեղի ունենա, ինչպես քաղաքակիրթ երկրներում։

«Սկզբունքորեն գաղափարն ինքնին նորմալ է: Հայաստանը նույնպես կարող է բեռներ ուղարկել մյուս ուղղությամբ՝ օրինակ, Ադրբեջանով Ղազախստան։ Սա դրական քայլ է։ Բայց գլխավորը, որ դա լինի երկկողմանի։ Եթե ամեն ինչ տեղի ունենա, ինչպես նորմալ երկրներում, այսինքն՝ բեռներն անցնում են մաքսային և սահմանային հսկողություն, ապա Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չպետք է լինի։ Յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր սահմանները, և դա բնական է։ Եթե իրականացվի այն տարբերակը, որի մասին խոսում էր Ալիևը, թե «ադրբեջանական բեռները չեն հանդիպի ոչ մի հայ սահմանապահի», ապա դա հարցեր է առաջացնում», — նշել է Ցինկերը։

Փորձագետի կարծիքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուն Թուրքիան է։

«Ամեն ինչ կախված կլինի ապագա կառավարության ծրագրից և առաջնահերթություններից։ Եթե ներկայիս կուրսը պահպանվի, ապա, հավանաբար, խոսք կգնա կոմունիկացիաների բացման մասին։ Որքան ես գիտեմ, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական կողմերն արդեն պատրաստում են ճանապարհների իրենց հատվածները, որպեսզի հնարավոր լինի բեռները հասցնել մինչև հայկական սահման։ Եթե ամեն ինչ կազմակերպվի քաղաքակիրթ կերպով, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, ապա առանձնահատուկ ռիսկեր չկան։ Եթե մենք իսկապես շարժվում ենք դեպի խաղաղության պայմանագիր, ապա հարևան երկրների միջև պետք է աշխատեն տրանսպորտային հոսքերը։ Գլխավորն այն է, որ ամեն ինչ մտածված լինի: Այդ դեպքում Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի սպառնալիք չի լինի։

Այս նախագծի գլխավոր շահառուն Թուրքիան է, քանի որ գաղափարն ի սկզբանե թուրքական էր։ Թուրքիան Նախիջևանով և Հայաստանի տարածքով կկարողանա դուրս գալ Ադրբեջան, ապա՝ Կասպիականով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։ Սա այսպես կոչված «Մեծ Թուրանի» կառուցման մի մասն է։ Համապատասխանաբար, առաջին հերթին շահում են Թուրքիան և Ադրբեջանը։ Տնտեսական շահեր կարող է ունենալ նաև Հայաստանը, բայց քաղաքական ասպեկտն ակնհայտորեն գերակշռում է։ Աստված տա, որ ամեն ինչ իրականացվի խաղաղ նպատակներով, բայց մինչ այդ դեռ շատ ժամանակ կա։ Ուստի, ինչպես ասում են անգլիացիները, «step by step»՝ փուլ առ փուլ: Այսօր արդեն բացվում են որոշ տրանսպորտային ուղիներ, բայց պետք է սպասել Հայաստանում կայանալիք ընտրություններին և տեսնել՝ ինչ քայլեր կձեռնարկվեն հետագայում»,- ասել է Ցինկերը:

Փորձագետը մեկնաբանել է նաև ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման չեղարկումը, ինչպես նաև Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների խափանման հավանականությունը։

Alpha News