Логотип

Աստվածաբան․ Հովհաննավանքի «պատարագից» հետո խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի

Հովհաննավանքում մատուցված «պատարագից» հետո այդ խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի, որովհետև դա սրբապղծություն էր։ Այս մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց աստվածաբան, կարգալույծ եղած քահանա Նիկողոս Հովհաննիսյանը։

Հայտնել էինք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) Հովհաննավանքում «պատարագ» է մատուցել, որին մասնակցել են իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այստեղ են հավաքվել նաև ՔՊ–ականների համախոհները։

Նախկին քահանան նշեց, որ կարգալույծ եղած հոգևորականը իրավունք չունի որևէ ծիսակատարություն, որևէ խորհուրդ կատարելու։

«Հովհաննավանքում այդ կադրերը նայելուց հետո լացս եկավ։ Միայն Ստեփան Ասատրյանը չէր այնտեղ, նրա կողքին էին նաև նախկին սարկավագներ, որոնցից մեկը, օրինակ, համացանցում հայտնի է իր հայհոյախոսությամբ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Հովհաննավանքում այս պահին կատարվում է մի բան, որը հայ եկեղեցում երկար ժամանակ չի եղել, այսինքն` փորձ են անում հակաթոռ ինչ–որ մի բան ստեղծել։

Աստվածաբանն ընդգծեց` հայ եկեղեցին դարեր շարունակ գոյատևել է, և նմանատիպ փոթորիկներ եկեղեցու գլխով վաղուց են անցել։

«Իշխանությունների խոփը քարին է հանդիպել։ Մայր աթոռը այն վեմն է, որին կպչում ու փշրվում են»,–ասաց նա։

Sputnik Արմենիա