Ռուսաստանի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնել է ՌԲԿ-ն։
Միացյալ Նահանգներում բանակցությունների ժամանակ Դմիտրիևը հանդիպել է կոնգրեսական Աննա Պաուլինա Լունայի հետ, որը հաստատել է ամերիկացի օրենսդիրների պատրաստակամությունը հանդիպել ռուս խորհրդարանականների հետ: Դմիտրիևի խոսքով՝ հանդիպումը կդառնա «կարևոր երկխոսություն» երկու երկրների խորհրդարանների միջև։
Նա նաև ընդգծել է, որ Լունան «այն կոնգրեսականներից է, որը մշտապես պաշտպանում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը»։
Հոկտեմբերին Լունան Ռուսաստանից ստացել էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր: Գործի նյութերն ընդգրկում են 1959-1964 թվականները և պարունակում են տեղեկություններ ենթադրյալ մարդասպան Լի Հարվի Օսվալդի՝ ԽՍՀՄ-ում գտնվելու, Քենեդիի քարոզարշավի ընթացքում խորհրդա-ամերիկյան հարաբերությունների, համատեղ հետաքննության և նյութերի Քենեդիի նախագահական գրադարան փոխանցման մասին:
Դմիտրիևը գտնվում է Միացյալ Նահանգներում՝ Սպիտակ տան պաշտոնյաների հետ ռուս-ամերիկյան հարաբերությունները քննարկելու համար։ Նրա այցը տեղի է ունենում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության աճի ֆոնին. այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընտրվելու նոր ժամկետից ի վեր առաջին պատժամիջոցներն էր կիրառել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների նկատմամբ: Թրամփը նաև հետաձգել էր Բուդապեշտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
Armenia Today
