Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղուկասյանի պաշտպանական թիմը։
Նշվում է, որ նոր մեղադրանքը կապված է 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում արած հայտարարությունների հետ։
«Նոր մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ Ղուկասյանի մտքերի համար։ Դրանք «որակվել են» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։ Գտնում ենք, որ այս մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Վարդան Ղուկասյանը, օգտվելով իր հիմնարար իրավունքից, ընդամենը կարծիք է արտահայտել։
«Բռնության տարրեր չպարունակող խոսքը, որն իրականում եղել է ընդամենը դիրքորոշում, անձնական կարծիք, միջազգային բոլոր չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված սկզբունքների համատեքստում չի կարող երբևէ որակվել որպես հանցագործություն»,–նշել են պաշտպանները։
Նրանք դատապարտել են հարուցված քրեական հետապնդումը` շեշտելով, որ հնարավոր բոլոր իրավական գործիքների կիրառմամբ պայքարելու են խաթարված արդարությունը վերականգնելու համար։
