Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը չգիտի՝ ով կամ ինչու է տեսագրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իբրև անձնական կյանքին վերաբերող տեսանյութը։ Նա ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում միայն ասաց, որ եթե տեսանյութը կեղծ չէ, ապա հանցագործության մասին հաղորդում պետք է ներկայացնել։
Նշենք, որ հոկտեմբերի 24–ին տարբեր Telegram-ալիքներ սկսեցին տարածել ինտիմ կյանքի մանրամասներ պարունակող տեսագրություն, որը վերագրվում էր բարձրաստիճան հոգևորականի` Արշակ սրբազանին։
«Ես չեմ կարող ասել՝ ով դա կարող է անել կամ չի կարող անել, միայն կարող եմ ասել, որ երևույթն անընդունելի է։ Անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես, եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլև քրեորեն պատժելի»,– նշեց Սրբուհի Գալյանը։
Արդարադատության փոխնախարարն անդրադարձավ նաև երեկ Հովհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագի ընթացքում միակ այլ կարծիք ասած քաղաքացու բերանը փակելուն և ուժով եկեղեցուց հեռացնելուն։ Սրբուհի Գալյանի խոսքով՝ ինքը նման կադրեր չի տեսել։
«Եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե, քննադատելի է։ Ես կադրեր չեմ տեսել, բայց բռնությունը ոչ միայն քննադատելի, այլև օրենքով պատժելի է։ Եթե այդպիսի բան է տեղի ունեցել, որը, կրկնեմ, ես չեմ տեսել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները և տան համապատասխան գնահատական»,– շարունակեց Սրբուհի Գալյանը։
Ինչպես հայտնել ենք, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա) կիրակի` հոկտեմբերի 26–ին, Հովհաննավանքում «պատարագ» մատուցեց, որին մասնակցում էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Քաղաքացիներից մեկը Հովհաննավանքում բղավեց. «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը անմիջապես փակեց քաղաքացու բերանն ու հանեց նրան եկեղեցուց։
Sputnik Արմենիա
