Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ բնականոն դինամիկ զարգանում են, մենք ունենք ռազմավարական գործընկերություն, մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր մյուս հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետությա դեպքում, էլի չնայած բազմաթիվ շահարկումներին, կանխավարկածներին և այլն, մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ հիմա որևէ կերպ արտահայտելու է իր բուռն դժգոհությունը ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, էլի տեսանք, որ չի համապատասխանում իրականությանը։
Ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են և դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով։ Օրերս մի օրինակ բերեցի, ուզում եմ կրկնել, որտե՞լ եք տեսել բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ պայմանավորվում են, որ հիմա ռազմավարական գործընկերություն են հաստատելու թղթով արդեն և պայմանավորվում են, որ մոտալուտ ժամանակում, օրինակ, ի թիվս այլ բաների, երկրորդ կամուրջն են կառուցելու հնարավորինս արագ։ Դա է մեր և իրանի հավատամքը և պայմանավորվածությունը»,– ընդգծեց Միրզոյանը։
News.am
