Логотип

«Ականատես» դիտորդական առաքելություն․ Վարչական ռեսուրսի չարաշահում Վաղարշապատի ընտրություններում

Հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։ Մեջբերում Ա․ Մեխակյանի ելույթից՝ «Համայնքի համար մեկ ֆինանսավորողը կառավարությունն է։ Այս պահին լրացուցիչ միջոցներով, որը համայնքի բյուջեի հետ ընդհանրապես կապ չունի, հրատապ ծրագրերի շրջանակներում վերջին 2 ամսվա ընթացքում 500 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվում Էջմիածին քաղաքում՝ մի շարք կարևորագույն փողոցներ ասֆալտապատելով, նաև կոյուղու ցանցը արդիականացնելով»։ (36։00 – 36։33 րոպեներ)

Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ՀՀ կառավարության կողմից քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված բյուջետային միջոցների ուղղումը Վաղարշապատ համայնքին և համապատասխան ոլորտներում ինտենսիվ աշխատանքների նախաձեռնումը չեն կարող այլ կերպ ընկալվել, քան վարչական ռեսուրսի չարաշահում՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ կառավարող քաղաքական ուժի ուղղելու և վերջինիս համար մրցակցային առավելություն ապահովելու նպատակով:

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։

Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրականացնել ուսումնասիրություն և տալ գնահատական ՔՊ կողմից վարչական ռեսուրսների նման չարաշահման առնչությամբ։

News.am