Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է։ Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության (Christian Solidarity International – CSI) նախագահ Ջոն Էյբների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Էյբները ներկայացրել է, թե իրենց կազմակերպությունն ինչ աշխատանքներ է անում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների գծով, խոսել է Սիրիայի ու Իրաքի քրիստոնյա համայնքներին օժանդակելու մասին:
«Նորին սրբությունն իր տեսակետն է հայտնել այս հարցերի առնչությամբ և գնահատել կազմակերպության գործունեությունը։ Վեհափառ հայրապետը մասնավորապես շեշտել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման անհետաձգելի հրամայականը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Էյբներն ասել է, որ առաջիկայում կայցելի Անթիլիաս` այս հարցերը կաթողիկոսի հետ ավելի մանրամասն քննարկելու։
Sputnik Արմենիա
