Логотип

Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաթղթերն են ուսումնասիրել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` «դատական նիստի» ժամանակ հրապարակվել են, այսպես կոչված, տուժողների իրավահաջորդների ցուցմունքները:

Հետազոտվել են պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները։ Այդ փաստաթղթերի մի մասը տրամադրել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի իրավունքները պաշտպանող փաստաբանները: Դրանք եղել են Հարությունյանի ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, ինչպես նաև նրա կրթության մասին տեղեկանքը:

Հարությունյանի անձնագրում դատավորի ուշադրությունն է գրավել այն, որ փաստաթուղթը «070» կոդով հայկական անձնագիր է:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա