Логотип

Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել

Հովհաննավանքում կիրակնօրյա արարողությունը գրավեց բոլորի ուշադրությունը, բայց եթե կարգալույծ լինելու առաջին օրը՝ հոկտեմբերի 21–ին, Հովհաննավանքի վանահայր Ստեփան Ասատրյանը միայնակ պսակադրության կարգ անցկացրեց, ապա այս անգամ` ՀՀ վարչապետի կազմակերպած միջոցառմանը, պետք է մասնակցեին նաև այլ անձինք:

Հրապարակված տեսանյութերի և լուսանկարների հիման վրա Sputnik Արմենիան փորձել է հասկանալ, թե ովքեր են կարգալույծ եղած և Մայր աթոռի որոշումը չընդունած Ստեփան Ասատրյանի հետ (նախկինում` հայր Արամ) մասնակցել այդ արարողությանը և պղծել Հաղորդության խորհուրդը։

Դատելով գրառումներից՝ կարգալույծ եղած Ասատրյանի հետ Հովհաննավանքում «պատարագը» մատուցել է Հաղարծինի գործող քահանա տեր Տարոն Հունանյանը: Ավելի վաղ նա հրապարակային աջակցություն էր հայտնել Ստեփան Ասատրյանին։ Տեր Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ անելու հարցը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է: Նա հանձնաժողովի նիստերից ոչ մեկին չի ներկայացել։

«Պատարագին» մասնակից են եղել ևս երկուսը՝ նախկին սարկավագներ Ռոբերտ Աղազարյանը և Արթուր Կարապետյանը` չնայած նախկին, բայց սարկավագի հանդերձանքով և ուրարով: Ռոբերտ Աղազարյանը, որը վաղուց իրեն չի նույնականացնում Սուրբ Էջմիածնի հետ, արդեն հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին համեմատել էր Տիրամոր հետ, իսկ սոցցանցի իր էջի գլխավոր նկար էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն։

Երկրորդ սարկավագը Արթուր Կարապետյանն է, որը բազմիցս Հանրային հեռուստատեսությանը և իշխանամետ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կոպիտ արտահայտություններ է թույլ տվել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին՝ մերժելով ընդունել նրան որպես երկրի հոգևոր առաջնորդ:

Sputnik Արմենիային նաև հայտնի է դարձել, որ կիրակնօրյա ներկայացման մյուս մասնակիցները դպիրներ են։ Նրանց նույնականացնել չի հաջողվել. հնարավոր է՝ ճեմարանի շրջանավարտներ են, որոնք հոգևոր որևէ կարգ չեն ստացել։ Ներգրավված են եղել նաև երեխաներ, որոնք ասմունքողի դերում են եղել։

Ինչ վերաբերում է երգչախմբին, որը երեկ հոգևոր երգեր էր կատարում, ապա, ինչպես Sputnik Արմենիային ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիս Սարգսյանը, Հովհաննավանքն իր երգչախումբը չունի, այն հիմնականում կազմվել է Օհանավան գյուղի բնակիչներից։