Հոսանքի գինն իջեցնելու մեր առաջարկը մերժվել է, հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անունից դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ հոսանքի գինն իջեցնելու առաջարկով՝ 3,6 մլրդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
Կարապետյանը նշել է, որ հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել էր։
«Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,- հարցրել է նա։
Հուլիսին ՀԾԿՀ նախագահը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հուլիսի 18-ին ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ, նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Armenia Today
