Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենթի գործով մնալու է մեր վարչապետի թեկնածուն։ Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 29–ին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀԿ–ն վարչապետի նոր թեկնածու կառաջադրի իմպիչմենթի գործընթացի համար։
Հարցին՝ իր կարծիքով Դավիթ Համբարձումյանին իմպիչմենտի գործընթացի պատճառո՞վ կալանավորեցին, նա պատասխանեց. «Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում, իրավական հարցերում զբաղվողներին նայել, տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս ինձ պատասխան չեն տվել՝ կիրառվե՞լ է, թե՞ ոչ։ Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, էն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա»։
Անդրադառնալով ՀՀԿ–ի հետագա պլաններին, երրորդ նախագահն ասաց. «Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթաց առաջ տանելը։ Եթե ուրիշները այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաճույքով դա լսենք»։
News.am
