Логотип

Հռոմի պապը կայցելի Թուրքիա և կմասնակցի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին

Հռոմի պապ Լևոն XIV-ը պատրաստվում է այցելել Թուրքիա ու Լիբանան։ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ նա ներկա կգտնվի Հայ առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։ Այս մասին հայտնում է Vaticannews-ը։

Այցը տեղի կունենա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը։

Ըստ հրապարակված ժամանակացույցի` Հռոմի պապը կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչից հետո նա կմեկնի Ստամբուլ ու կայցելի Սուրբ հոգու տաճար, որտեղ կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հովվականների հետ: Այնուհետև պլանավորվում է նրա այցը Նիկիա, որտեղ կմասնակցի աղոթքի ՝ Սուրբ Նեոֆիտի հնագույն բազիլիկի հնագիտական պեղումների մոտակայքում: Նույն օրը Ստամբուլ վերադառնալուց հետո Հռոմի պապը կհանդիպի առաքելական եկեղեցու պատվիրակության անդամ եպիսկոպոսների հետ:

«Հաջորդ օրը Լևոն XIV-ը կայցելի Կապույտ մզկիթ, այնուհետև մասնավոր հանդիպում կանցկացնի տեղի եկեղեցիների և քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ։ Օրվա երկրորդ կեսին նա կհանդիպի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա–ի հետ, նրանք համատեղ հռչակագիր կստորագրեն, իսկ օրը կավարտվի պատարագով»,– նշվում է հաղորդագրությունում։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Հռոմի պապը առանձին հանդիպումներ կունենա երկրի նախագահի ու վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ։ Այնուհետև նա հանդես կգա ուղերձով։

Հաջորդ օրը Հռոմի պապը կայցելի Սուրբ Մարուն վանքում գտնվող Սուրբ Շարբել Մաքլուֆի գերեզման, հետո Լիբանանի Տիրամոր տաճարում կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների և հովվականների հետ: Օրվա երկրորդ կեսին Լևոն XIV-ը էկումենիկ և միջկրոնական հանդիպում կանցկացնի Բեյրութի Նահատակների հրապարակում: Ավելի ուշ նա կհանդիպի նաև Լիբանանի երիտասարդների հետ:

«Այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 2-ին, Հռոմի պապը կայցելի տեղի հիվանդանոցներից մեկը, այնուհետև հնարավորություն կունենա լռությամբ աղոթել 2020 թ–ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում»,– նշվում է կայքում։

Մինչ Վատիկան վերադառնալը Հռոմի պապը սուրբ պատարագ կմատուցի։

Հավելենք, որ Թուրքիա կատարելիք այցը նվիրված է Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700–ամյակին։

Sputnik Արմենիա