Логотип

«Միասնության թևերը» քաղաքական պատճառ է տեսնում Մասիսի քաղաքապետի կալանավորելու գործում

Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Մասիսի ղեկավար Դավիթ Համբարձումյանին անհապաղ կալանավորելն առերևույթ քաղաքական որոշման տպավորություն է ստեղծում, հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը:

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած նախաձեռնությունն արձանագրել է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթները «պահվում են այնքան ժամանակ, մինչև քաղաքական պահանջ չառաջանա` հօգուտ ՔՊ-ի քարոզչության դրանք օգտագործելու նպատակով»։ Մասնավորապես, հիշեցրել են, որ Համբարձումյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ., սակայն դատավճիռը հրապարակվել է 6 տարի անց միայն։

«Միասնության թևեր»-ի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները քաղաքական-քրեական հետապնդումներ են իրականացրել նաև այլ ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ:

«ՔՊ կուսակցության դեպքում պետությունը ծառայեցվում է կուսակցության շահերին, իսկ քրեական հետապնդումն ու կալանքը մահակ են քաղաքական հաշվեհարդարի համար», – ասված է հայտարարության մեջ։

Քաղաքական նախաձեռնությունը շեշտել է՝ օրենքի որևէ խախտում, առավել ևս որևէ հանցանք չի կարող անպատիժ մնալ, բայց քննությունն ու դատական պրոցեսները պետք է ընթանան այնպես, որ քաղաքական հետապնդման առերևույթ տպավորություն չստեղծեն անկախ դիտորդի մոտ:

Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է նախաձեռնված իմփիչմենթի գործընթացում: Դատարանը նրան դատապարտել էր 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:

Armenia Today