Логотип

Ո՞Վ Է ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ. ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբերի 27-ին սոցցանցերում նշվեց Տարոն Անդրեասյանի մահվան 5-րդ տարելիցը. ռազմիկի, որը չվախեցավ միայնակ դուրս գալ ադրբեջանցիների մի ամբողջ վաշտի դեմ: Նրա ճակատագիրն անհայտ էր ուղիղ 2 տարի, մինչև որ 2022-ի սեպտեմբերին հայտնվեց սենսացիոն տեսանյութը, որում արձանագրված էին զինվորի կյանքի վերջին րոպեները։ Տարոնի անունը վայրկենապես դարձավ արիության ու քաջության հոմանիշ, մահվան առջև նրա հերոսությունը՝ հայոց անկոտրում ոգու օրինակ:

ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԻԱՅՆԱԿ՝ շրջապատված մեկ դյուժին ադրբեջանցի զինվորներով։ Նրան առաջարկում են հանձնվել, համոզում՝ չվախենալ, կյանք խոստանալով, նա քմծիծաղում է ու գոչում. «Դուք՝ ադրբեջանցիներդ, վախկոտներ եք, մենք ձեզանից չենք վախենում»։ Ապա հաջորդում է կարճատև մարտը, որում նա զոհվում է՝ մահից առաջ գնդակահարելով մի քանի ադրբեջանցիների։ Մեկը՝ մի ամբողջ վաշտի դեմ, մեկը՝ դաժան ու անողոք թշնամիներով շրջապատված, հանգիստ, վստահ, որ ինքը չպետք է գերի ընկնի և պարտավոր է իր հետ գերեզման տանել թշնամու հնարավորինս շատ զինվորների։

Մեկը… մարտադաշտում ռազմիկ չէ՞:

2020 թվականի դեկտեմբերին՝ դավաճանությամբ կանխորոշված ավարտով 44-օրյա պայմանավորված աղետալի պատերազմից անմիջապես հետո բունկերից նոր դուրս եկած կապիտուլյանտը մեկնեց Սյունիք։ Եվ փորձեց մտնել Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Այն ժամանակ նա դեռ չէր շրջապատել իրեն ուժայինների մի ամբողջ բանակով, որը կերակրվեց նրա ձեռքից ու դարձավ հավատարիմ ծառան, որպեսզի ապահովի նրա ազատ ու անարգել մուտքն ամենուր։ Եվ այն ժամանակ նրա «դուխը» դեռ չէր հերիքում բանտ նետել հոգևորականին և առհասարակ իր ընդդիմախոսներից որևէ մեկին։

Սոցցանցերի ողջ հայկական հատվածում տարածվեցին կադրերը, թե ինչպես է Սիսիանի եկեղեցու շարքային քահանան, հոգևոր հովիվը սկզբում հրաժարվում սեղմել Նիկոլի ձեռքը, ապա պարզ ու հաստատուն ցույց տալիս դուռը՝ վռնդելով նրան եկեղեցուց: Մեկ քահանա, որը հստակ գիտի, որ դավաճաններն ու կապիտուլյանտները, որոնք մեղավոր են մի քանի հազար հայ զինվորների մահվան և Արցախի մեծ մասի կորստի մեջ, տեղ չունեն Աստծո տաճարում: Մեկ հոգևոր հովիվն արեց այն, ինչը ոգևորեց և վստահություն հաղորդեց Դիմադրություն շարժումով պայքարի ելած տասնյակ հազարավոր հայերի:

Մեկը… մարտադաշտում ռազմիկ չէ՞:

Մեր օրեր, Հովհաննավանք, որը փաստացի բռնազավթված է ՔՊ-ական անաստվածների կարգալույծ հետևորդի կողմից։ Հոկտեմբերի 23-ին, Ստեփան Ասատրյանի կարգալույծ արվելուց անմիջապես հետո, եկեղեցում պսակադրություն էր նախատեսված: Ամենայն հավանականությամբ, տոնի մասնակիցները տեղյակ չէին, որ ծեսը կատարել է պատրաստվում կարգալույծ արված նախկին քահանան։ Հոգևորականները փորձեցին բացատրել հավաքվածներին, որ Ասատրյանն իրավունք չունի պսակադրություն անցկանել, սակայն հասկանալի պատճառներով չցանկացան շիկացնել իրավիճակը:

ԲԱՅՑ ԱՅՆՏԵՂ ԷՐ ՆԱԵՎ ՄԻ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ՝ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՏ, որը ուղիղ ռեպորտաժ էր վարում Հովհաննավանքից։ Հենց Սյուզի Բադոյանն էլ, դատելով ամենից, ի վերջո կարողացավ համոզել փեսայի ծնողներին հրաժարվել Ասատրյանից, ինչի արդյունքում արարողությունը կատարեց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը: Մեկ երիտասարդ կին, որը հստակ կատարում է իր ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքացիական, հայրենասիրական պարտքը, համառորեն բացատրելով ծնողներին կարգալույծի կողմից պսակադրվելու վտանգը։ Եվ հասնելով իր նպատակին:

Մեկը… մարտադաշտում ռազմիկ չէ՞:

Ընդամենը 3 օր անց՝ հոկտեմբերի 26-ին, նույն Հովհաննավանք եկեղեցում Նիկոլ անունով իր կուռքի համար կարգալույծի անցկացրած և եկեղեցական ծառայության խորհուրդը քաղաքական հանրահավաքի վերածած «պատարագի» ժամանակ երկու հայեր արեցին այն, ինչը համարում են իրենց քաղաքացիական և հայրենասիրական պարտքը։

Նրանցից մեկը՝ Հայկ Դորունցը, գոչեց հավատուրացի երեսին, որ նա իրավունք չունի պատարագ մատուցել։ Թե ինչ եղավ հետո՝ տեսան բոլորը. փաշինյանական թիկնապահը ձեռքով փակեց նրա բերանը և քարշ տալով դուրս բերեց եկեղեցուց։ Ընդամենը մի քանի բառ, և ահա՝ տեսարան ալիևյան բռնապետության օրինակով, որի դասերը հաջողությամբ և սրընթաց յուրացնում է «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդը։

Երկրորդ քաղաքացին պարզապես խլեց Աստվածաշունչը ուխտադրուժ քահանայի ձեռքից, համարելով, որ նա պղծում է Սուրբ Գիրքը։ Եվ կրկին՝ խուճապ, իրարանցում, տաճարը լքելու պահանջ։ Ինչին ի պատասխան՝ քաղաքացին արդարացիորեն հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի եկեղեցուց վռնդել իրեն։

Երկուսն էլ իրականում մենակ էին, չնայած այնտեղ պետք է լինեին հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նույնքան ճշմարիտ քրիստոնյաներ: Բայց սա բոլորովին այլ խոսակցության թեմա է։ Իսկ առայժմ արձանագրենք. ընդամենը երկու հոգի, բայց այնուամենայնիվ հայտնեցին կարգալույծին իրենց անձնական բողոքը, արտահայտելով տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերի կարծիքն ու կամքը։

Երկուսը… մարտադաշտում ռազմիկ չե՞ն:

Մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍՆ շենքի դիմաց տեղի ունեցավ վաղարշապատցի ուսուցիչների ակցիան՝ բողոքով, որ Այբբենարանից հանել են հայկական այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը և հայոց գրերի ստեղծման մասին բաժինը:

ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿԻՑ ՉԷՐ ԱՆՑՆՈՒՄ, գրեթե բոլորը՝ կանայք, բայց նրանք նույնպես իրենց պարտքն էին համարել արտահայտել այն, ինչը խորին վրդովմունք է հարուցել տասնյակ հազարավոր մարդկանց հոգում: Հաստատ գիտակցելով իրենց փոքրաթիվ ակցիայի դատապարտվածությունը՝ նրանք այդուհանդերձ եկան Երևան և արեցին այն, ինչն անհրաժեշտ համարեցին։

Թե ինչու նրանց չմիացան հարյուրավոր այլ ուսուցիչներ, կրկին իսկ այլ հարց է։ Բայց այդ մանկավարժներն իրենց գործն արեցին, և նրանք նույնպես «մեկն էին մարտադաշտում»…

Երեկ Երևան վերադարձավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Վերադարձավ՝ գերազանց գիտակցելով, որ հենց օդանավակայանում իրեն կձերբակալեն և, հնարավոր է, ստիպված կլինի բանտում անցկացնել վեցուկես տարի։ Բայց նա իր պարտքը համարեց գալ Հայրենիք և ցույց տալ բռնապետին, որ չի վախենում նրանից։

Դավիթ Համբարձումյանն, իհարկե, մենակ չէ. նրա թիկունքում քաղաքական ուժ կա և կան իր ընտրողները։ Բայց նման արարքը բացառապես անձնական որոշում է։ Եվ ոչ ոք չէր համարձակվի նախատել, եթե նա այլ կերպ վարվեր:

Ազգային ուժերի համախմբման անհրաժեշտության մասին շատ է խոսվում բոլորի կողմից, բայց առայժմ դրանք մնում են լոկ խոսքեր՝ սոցցանցերում գրառումների և ԶԼՄ-ներում կոչերի տեսքով։ Փորձ անգամ չի արվում համախմբել մարդկանց մեկ կամ մի քանի հարցերի շուրջ՝ գոյաբանական բնույթի այն բազմաթիվ խնդիրներից, որոնք այսօր մոլեգնում են հայ իրականության մեջ։ Ինչպես դա արեցին Վաղարշապատի ուսուցիչները, ինչպես դա արեց լրագրողուհին, իսկ հետո նաև՝ երկու երիտասարդները Հովհաննավանքում։

Այո, կան մարդիկ, որոնք սխրանք են գործում միայնակ, ինչպես Տարոն Անդրեասյանը։ Կան մարդիկ, որոնք չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը, չեն ցանկանում լռել, պատրաստ են պայքարել։ Գուցե դա է առանձին մարդկանց մեծ ու իրական համախմբման նախակարապետը մի հսկայական ուժի մեջ, որը կսրբի վերջապես թուրքական չարքերին Հայոց աշխարհից։