Логотип

ԵՊՀ-ից հեռացված դասախոսը դատական կարգով վիճարկելու է ռեկտորի հրամանը

ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։ Այս մասին Մանուկյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Կարծում եմ՝ հրամանն անվավեր է։ Նախ իրենք պարտավոր էին դիմել արհմիություն և ստանալ արհմիության համաձայնությունը, որովհետև ես նաև Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության քննիչ հանձնաժողովի անդամ եմ։ Բայց իրենք խախտել են Աշխատանքային օրենսդրությունը և անգամ արհեստակցական կազմակերպության կարծիքը հաշվի չեն առել»,- մեզ հետ զրույցում նշեց Մանուկյանը, ով նաև փաստաբանական գործունեություն է ծավալում։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵՊՀ դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանին ազատել են աշխատանքից ռեկտորի հրամանով։ Ավելի ուշ պարզվեց, որ հեռացման պատճառն այն է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը (Մանուկյանի ուսանողներից է- խմբ) լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկանի հեռացումը։ Ազատման պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն է, որը հանգեցրել է աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։

«Սա օրենսդրության խախտում է, որովհետև ինձանից բացատրություն չի պահանջվել, արհեստակցական կազմակերպության հետ չի քննարկվել իրենց անդամի հեռացման հարցը։ Եթե անգամ համարենք, որ ես կատարել եմ որոշակի արարք և հետևանքը՝ սանկցիան, անհամաչափ են։ 2-րդը, ըստ էության, ամենակարևորը՝ ես վստահությունը չէի կարող կորցնել, ես չեմ կատարել այնպիսի արարք, որ կարող է գործատուն հանգել եզրակացության, որ այլևս ինձ չի կարող վստահել»,- նշեց Մանուկյանը։

Հավելեց՝ շուրջ 15 տարվա դասախոս է, ունի գիտական աստիճան, բազմաթիվ մենագրությունների, ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ամեն կիսամյակում ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում գրեթե միշտ 100 տոկոսանոց վարկանիշ է ունեցել, ասում է՝ վարկանիշն ամբիոնում միշտ եղել է ամենաբարձրը, սակայն այս ամենը հաշվի չառնվեց որոշումը կայացնելիս։

«Այս փաստական հանգամանքները հաշվի չառնել և առաջին կուրսի 2 ամսվա սովորած ուսանողի մատնագրի հիման վրա ինձ ազատե՞լ աշխատանքից․․․ Ես կարծում եմ, որ սա իրավաչափ չէ»,- ասաց Մանուկյանը։

Նշենք, որ «մատնագրի շարժառիթը» եղել է այն, որ նախորդ շաբաթ դեմոկրատական քաղաքական ռեժիմի մասին դասախոսության ժամանակ՝ խոսքի ազատության մասին խոսելիս նշել էր, որ դեմոկրատական քաղաքական ռեժիմի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող կրել բացարձակ բնույթ և այլն, անդրադարձել վիրավորանքին և զրպարտությանը։ Առավել պատկերավոր լինելու համար մի օրինակ էր մեջբերել հայկական արտադրության «Սկոտչ ընդ Վիսկի» ֆիլմից, երբ դերասան Սոս Ջանիբեկյանի մարմնավորած կերպարը՝ հանցագործը, զոհին զրկելով տեղաշարժման ազատությունից, նաև նրա հասցեին հայհոյանք է օգտագործում։ Մանուկյանը նշում է՝ արտահայտությունն ինքը չի արտասանել, այլ գրել է գրատախտակին՝ «խոսքի ազատություն», «զրպարտություն», «վիրավորանք» բառերի հետ միասին։

«Ասացի՝ եկեք հասկանանք, տեսնենք հիմա սա վիրավորա՞նք է, թե՞ զրպարտություն։ Տարբեր կարծիքներ լսելուց հետո ես իմ պրակտիկ փորձից մի օրինակ բերեցի, երբ ես վստահորդիս ներկայացուցիչն էի, ու գործն ուղիղ հենց այդ բառի հետ էր կապված։ Ըստ էության, այդտեղ հետևյալ իրավիճակն էր, որ այդ նույն բառով հարուցվել էր և՛ քրեական գործ, և՛ քաղաքացիական գործ։ Եզրակացություն այն էր, որ նույն իրավիճակում նույն բառը մի դեպքում կարող է որպես վիրավորանք ընկալվել, իսկ քաղաքացիական գործով ինքը ընկալվել էր որպես վարչական բնույթի արտահայտություն»,- եղելությունը ներկայացրեց Մանուկյանը։

Հաջորդ օրն արդեն իրեն կանչել են դեկանի աշխատասենյակ, ցույց տվել արված լուսանկարը, որը, Մանուկյանը շեշտում է, արվել է գաղտնի՝ առանց իր թույլտվությունը հարցնելու, իր նախնական համաձայնությունը ստանալու։ Օրեր անց էլ կայացվեց աշխատանքից ազատման որոշումը։

Ասում է՝ այդ օրինակը տարբեր կուրսերում է ներկայացրել, ու երբևէ խնդիր չի եղել, թյուրընկալում և այլն։ Ավելին, ըստ Մանուկյանի՝ տվյալ կուրսում էլ 70-ից ավելի ուսանող կա, ու նրանցից ոչ մեկն էլ օրինակը բացասական չի ընկալել։ Ասում է՝ ուսանողներից բազմաթիվ անձնական նամակներ է ստանում, որոնցում ուսանողներն իրենց տարակուսանքն են հայտնում կայացված որոշման առնչությամբ։