Իրավապահները, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գործն ուսումնասիրելով, արդեն հասել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունում իրավապահները մի շարք փաստաթղթեր էին պահանջել։
«Պարզվում է, որ խոսքը մի պայմանագրի մասին է, որ հենց ԿԳՄՍ նախարարն է ստորագրել՝ իր ընկերուհի, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի առաջարկով։ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար «կողմնակի եկամուտ» ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը «Ամերիաբանկում» 1 տարի ժամկետով»,- գրում է պարբերականը։
«Կողմնակի եկամուտ» ձևակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել «կողմնակի» եկամուտ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Ռեկտորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ նույնպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։ Հոկտեմբերի 23–ին հայտնի դարձավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը։
Sputnik Արմենիա
