Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի հաղորդման առնչությամբ վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը: Հոկտեմբերի 27–ին դատախազությունը հայտնեց, որ հաղորդմանը ընթացք է տրվել։ Հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- տեղեկացրին ՔԿ-ից։
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
