Логотип

Մայր աթոռ․ Հովհաննավանքում կատարվող գործողությունները պղծություն են

Իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին, ազդարարվեց նաև, որ նոյեմբերի 2-ին ևս Ստեփան Աստարյանը «պատարագ է» մատուցելու։

Մայր աթոռը շեշտում է, որ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։

«Սուրբ պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ»,- նշված է Մայր աթոռի տարածած հայտարարության մեջ։

Մայր աթոռը հայտարարում է, որ հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։

Sputnik Արմենիա