Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի զարգացման գործում անգնահատելի է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադռնալով այն հարցին, թե ինչո՞ւ է պասիվ ու չի մասնակցում Կարապետյանի հետ կապված բողոքի ակցիաներին։
«Գնում եմ, թե չէ ակցիաներին՝ դա կլինի՞ իմ անձնական հարցը մնա։ Սամվել Կարապետյանն իմ ընտանիքի քավորն է, իսկ քավորը սրբություն է։ Պետք է բոլորս իմանանք, որ Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի զարգացման գործում անգնահատելի է. նա իր նպաստն է բերել մեր տնտեսության կայացման գործում»,– հայտարարեց Աբրահամյանը։
Արդյոք նա ինչ–որ բանից վախենո՞ւմ է, և դա է պատճառը, որ խուսափում է Կարապետյանի հետ կապված որևէ միջոցառումից, Աբրահամյանը պատասխանեց. «Ես ոչ մեկից չեմ վախենում»։
Լրագրողները նրան հարց ուղղեցին նաև Մոնումենտում գտնվող իր առանձնատան մասին, որը կալանքի տակ էր, սակայն դա ՀՀ իշխանությանը չխանգարեց վաճառել այն գործարար Նարեկ Նալբանդյանին։
Աբրահամյանը նշեց, որ այդ հարցով իրեն հարցաքննության չեն հրավիրել։
Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեկան գործին, որի հոդվածներից մեկով մեղադրվում է փողերի լվացման մեջ, Աբրահամյանը հայտարարեց, որ չի ընդունում այդ մեղադրանքը։
«Գիտեմ, որ նման հարց կա, սակայն դա դեռ չեն քննարկել դատարանում։ Ուզում եմ ասել, որ նման բան չկա` փողերի լվացում, իրականության հետ դա աղերս չունի»,– վստահեցրեց նախկին վարչապետը։
Sputnik Արմենիա
