«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման 17 համակիրների գործով հերթական դատական նիստը կշարունակվի առանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի։ Կոչուբաևի փաստաբանական գրասենյակից Արայիկ Ներսիսյանը հայտնեց, որ ինքը Կոչուբաևին կփոխարինի մինչև հաջորդ դատական նիստը։
Կոչուբաևի պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը դեմ չէր նոր պաշտպանին։
Մինչ այդ դատավոր Կարեն Ֆարխոյանը կարդաց Ալեքսանդր Կոչուբաևի՝ նիստին ներկա չլինելու հիմնավորումը և այն արդարացված համարեց։ Կոչուբաևը պարզաբանել է, որ իր աշխատանքային համակարգիչը գտնվում է իրավապահների ձեռքում, և ինքն աշխատանքային փաստաթղթերի հասանելիություն չունի։ Ալեքսանդր Կոչուբաև դեմ է եղել իր փոխարեն հանրային պաշտպան ներգրավելուն։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Sputnik Արմենիա
