Логотип

ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԸ

Հոկտեմբերի 9-ին՝ Քննիչի օրը, «արժանի» պարգև ստացավ քննիչ Վաչե Մխիթարյանը: Նա էր, որ մեղադրանք առաջադրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և դատարանից պատիժ պահանջեց կալանքի տեսքով: Աջապահյանին 2 տարով բանտ նետեցին հրապարակավ արտահայտած կարծիքի համար։ ՔԿ 11-րդ տարեդարձի առթիվ կոլեգիայի հանդիսավոր նիստի ընթացքում Արթուր Պողոսյանը մեդալներ, պատվավոր կրծքանշաններ և պատվոգրեր հանձնեց, ինչպես նաև արտահերթ կոչումներ շնորհեց իշխող ռեժիմի բռնաճնշումներն ի կատար ածողներին: Արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի համար ազատազրկում պահանջող դատախազները պաշտոնի բարձրացում են ստացել դեռևս սեպտեմբերին:

ԽՈՍՔԸ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ Է, որոնք արքեպիսկոպոսների դեմ դատավարություններում ներկայացնում էին մեղադրող կողմը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նրանք բարձր պաշտոնների են նշանակվել գլխավոր դատախազության սահմանադրական հիմքերի, պետության և հասարակության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում: Հովհաննիսյանը դարձել է վարչության պետ, Իսկ Վահան Հարությունյանը՝ նրա տեղակալ։ Նրանց թեթև ձեռքով Հայաստանում բոլշևիկյան ջարդերից և ստալինյան բռնաճնշումներից հետո առաջին անգամ արքեպիսկոպոսներ կալանավորվեցին։ Տավուշի թեմի առաջնորդը մեղադրվում է ահաբեկչական գործողությունների կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ՝ իր բնակարանի գաղտնալսման արդյունքում քննության ձեռք բերած զրույցների մոնտաժված ձայնագրությունների հիման վրա:

Հարությունյանը դատախազ էր նաև Սանկտ Պետերբուրգում նախկին հյուպատոս, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով: Դատարանի վերջին նիստում նա համոզում էր ազատ չարձակել Հակոբյանին, չնայած վերջինիս լուրջ հիվանդությանը։ Հիշյալ վարչությունը ժամանակին ղեկավարում էր Արմեն Փանոսյանը, որը գլխավոր դատախազ Վարդապետյանի որոշմամբ աշխատանքի անցավ Հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ ներկայումս ղեկավարում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը:

Արմինե Մելիքսեթյանը, որը օգոստոսի 2-ին երկարաձգեց Աջապահյանի կալանքը՝ մերժելով պաշտպանող կողմի միջնորդությունները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2023 թվականին։ Դատավորը հայտարարագրում նշել էր անձնական սեփականության 1 բնակելի տուն, 3 հողամաս։ Անցած տարվա ընթացքում նա բնակարան է գնել բազմաբնակարան շենքում և ավտոտնակ։ Բնակարանի արժեքը կազմել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոտնակինը՝ 2,5 մլն դրամ: Այսպիսով, արդեն 2024 թվականին դատավորն ուներ 6 միավոր անշարժ գույք։ Ժամանակին դատավոր Մելիքսեթյանը որոշում կայացրեց կալանավորել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։

Մելիքսեթյանը բազմազավակ մայր է, ունի 4 երեխա։ Նրա ամուսինը՝ Հուսիկ Հովհաննիսյանը, զբաղեցնում է ՆԳՆ Աշտարակի քրեական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ ԱԺ վերջին քառօրյայի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ մինչև Գյումրիի վերջին իրադարձությունները մեր երկրում քաղբանտարկյալների թիվը 20-ից ավելի էր, իսկ հոկտեմբերի 21-ից հետո անցել է 40-ից: Հոկտեմբերի 21-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ բողոքող 30-ից ավելի ակտիվիստների: Նրանցից մի քանիսի ճակատագրի մասին ընտանիքները չէին կարողանում տեղեկություններ ստանալ օրեր շարունակ։ Նրանց օգնում էր նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նոյեմբերի 1-ից կսկսի գործել նոր ինստիտուտ. ոստիկանական գվարդիան։ Դատելով ամենից, մորեգույն ու սև բերետավորներին կավելանա նոր պատժիչ մարմին՝ ռեժիմի քաղաքական հակառակորդների դեմ կոնկրետ կողմնորոշմամբ։

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այս հայտարարությունը կարելի է համարել ռեժիմի առաջիկա պատժիչ գործողությունների հրապարակային հիմնավորում: Բռնությունը, անհիմն բերման ենթարկելը, ձերբակալություններն ու կալանավորումները ներկայացվում են իբրև պայքար պետության թշնամիների դեմ։ Պետության շահերի պաշտպանության կարգախոսի ներքո ուժային կառույցները սպասարկում են մեկ մարդու շահերը, որն ավելի քան 7 տարի զբաղված է պետական ինստիտուտների փլուզմամբ։

Գյումրիում բողոքի տարերային ակցիայի 30-ից ավելի մասնակիցների թվում ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը տեսանյութում պատկերված է ձեռքերը վեր բարձրացրած: Նա փորձում էր հանգստացնել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվածներին, այլ ոչ թե հրահրում նրանց զանգվածային անկարգությունների։ Դատավոր Վարսենիկ Մելքոնյանն այլ կերպ վճռեց, ուստի կալանքի սանկցիա տվեց մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, թեև տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանները փաստաբանից մեծ հեռավորության վրա էին, այնպես որ չէին կարող արժանահավատ վկայություն տալ նրա դեմ: Ակնհայտ է, որ փաստաբանին ձերբակալեցին «Մեր ձևով» շարժման անդամ լինելու համար, այլ կերպ ասած՝ պատճառները զուտ քաղաքական են:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օգտին գործարար Սամվել Կարապետյանի արտաբերած խոսքերում մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է «կառավարության լիազորությունները հակասահմանադրական եղանակով յուրացնելու» կոչ հայտնաբերել, սակայն հսկող դատախազ Արամ Դոլինյանն այլ կերպ որոշեց: Հիշեցնեմ, որ Դոլինյանն էր դատարանում պաշտպանում գիտության և կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի դեմ շինծու մեղադրանքը։ Աշոտյանին հալածելու իրական պատճառը նրա քաղաքական գործունեությունն էր՝ որպես ՀՀԿ փոխնախագահ…

ԶԼՄ-ների ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ Կարապետյանի դեմ միջնորդություն ներկայացնելու օրը Դոլինյանն անձամբ է եկել դատարան: Որպես կանոն, դատախազները նման դեպքերում դատարան չեն գալիս, բայց այս դեպքը Դոլինյանի համար առանձնահատուկ էր, հենց նրա մատուցմամբ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեցին կալանքը, որն այնուհետ բազմիցս երկարաձգեցին: Նա կալանավորված է արդեն 5 ամիս։

Մեկ տարի առաջ (նոյեմբերի 9-ին) վերականգնվեցին կարմիր բերետավորների հրամանատար Գևորգ Մկրտչյանի լիազորությունները, որոնք դադարեցվել էին 2024 թվականի մայիսի 27-ին Երևանի կենտրոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելուց հետո։ Անձեռնմխելիությամբ օժտված ընդդիմադիր գործչի ծեծին մասնակցել է 60 ոստիկան։ Ուսումնասիրելով դեպքի վայրի տեսագրությունները՝ ՆԳՆ-ում եկան այն եզրակացության, թե Մկրտչյանը ոչ մի բանում մեղավոր չէ։ Պատկան մարմինները նույնպիսի եզրակացության հանգեցին նաև Հայկազ Ջոմարդյանի պարագայում, որը զոհված հերոսների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու հրաման տվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին: Նա աչքի ընկավ նաև քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, երբ ջրի շիշ նետեց ամբոխի մեջ…

Արդարադատության համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի սկանդալային գնահատականը 100%-ով համապատասխանում է իրականությանը, այդ իսկ պատճառով էլ փաստաբանը ձերբակալվեց դիմակների շոուի սցենարով, իսկ այնուհետ կալանավորվեց: Հոկտեմբերի 28-ին նրան ազատ արձակեցին չբացակայելու ստորագրությամբ՝ կնոջ առողջության կտրուկ վատթարացման պատճառով։ Ծննդաբերությունից հետո նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։

Իհարկե, մեկ հոդվածի շրջանակներում չեն կարող տեղավորվել քաղաքական բռնաճնշումների բոլոր կատարածուների անունները։ Կազմակերպիչը հայտնի է, պատմությունը կպահպանի նաև կատարողների անունները։ Փաշինյանի հրաժարականից հետո նրանց պետք է պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Դա անհրաժեշտ է արդարադատության համակարգի առողջացման համար։ Ավաղ, արդեն 7 տարի շարունակ այդ համակարգը իշխող ռեժիմի պատանդի դերում է, ուստի գործում է ՆԳԺԿ եռյակի արտակարգ դատարանների սկզբունքով։

Բռնաճնշումներն իրականացնողները, որոնք բացահայտ ծանակել են և շարունակում են ծանակել օրենքն ու իրավունքը. Աննա Դանիբեկյանից մինչև Մնացական Մարտիրոսյան, Արմեն Դանիելյանից մինչև «կալանքատու դատավորների» ամբողջ խումբը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից մինչև Աննա Վարդապետյան, պետք է պատասխանատվություն կրեն Օրենքի ողջ խստությամբ։ Առանց դրա արդարադատության համակարգը չի կարող նորմալ գործել բռնապետության ռեժիմի անկումից հետո, երբ հարկ կլինի վերականգնել պետական ինստիտուտները: Եվ այդ դեպքում, ինչպես արդարացիորեն նշված է Կոչուբաևի գրառման մեջ, այն պատրվակը, թե նրանք ընտանիք են պահում, չի կարող արդարացում ծառայել: Քաղաքական բռնաճնշումները հանցագործություն են քաղաքացիների և պետության դեմ, դրանց զոհն են դարձել տասնյակ մարդիկ, ոմանք՝ կյանքով վճարել (Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան), հանցագործությունը շարունակվում է իրական ժամանակի ռեժիմով, կատարածուները պարբերաբար խրախուսվում են…