Այսօր միասնական աղոթք ու ժամերգություն կատարվեց Օշականի եկեղեցում։ Օշականի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը նշեց, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին ծանր օրեր է ապրում։
«Առավել ևս Արագածոտնի թեմն իր վրա զգում է այդ ծանր օրերի հետևանքները։ Եվ մենք այսօր մեկտեղվել ենք միասին՝ ցույց տալու մեր միասնությունը, մեկս մյուսին գոտեպնդելու, մեկս մյուսին հուսադրելու և մեկս մյուսով ավելի ուժեղ լինելու համար։ Այստեղ ենք՝ ասելու, որ անկախ ամեն ինչից՝ մենք մեր ծառայության մեջ ենք։ Անկախ խնդիրներից, դժվարություններից, բարդություններից, որ մեր առաջ այսօր ծանրացել են, մենք մեր ծառայական կերպի մեջ ենք,-ասաց նա։
Միասնական աղոթքը հղվեց Արագածատոնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, արժանապատիվ տեր Գարեգին քահանայի, Միքայել և Բագրատ սրբազանների, հանուն հավատքի ու հայրենիքի բանտում գտնվողների, Ադրբեջանում գտնվող մեր գերիների, վշտահար ծնողների և համայն աշխարհում խաղաղության, սիրո, հույսի և հավատքի համար։
Ապա հոգևորականները շարականների ուղեկցությամբ իջան Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ։ Միասնական աղոթքն ավարտվեց Մայր աթոռի պահպանության շարականով։
Հաջորդ միասնական աղոթքը կլինի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Sputnik Արմենիա

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            