Логотип

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր. Գրիգորյանը երկրորդն է

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում նվաճեց երրորդ ոսկե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ: Վերջին մոտեցումով մեր ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց: Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետև 172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ:

Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Նարեկ Գրիգորյան

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:

Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: