Логотип

ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել

Չնայած կառավարությունը լուծարել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել․ այն լուծարելու որոշում չկա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ ՓԲԸ-ն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։

Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ Դրանցից մեկը «Սի էֆ դաբլյու» ՓԲԸ-ում էր, որի հետ կապված կա նաև քրեական վարույթ։ «Սի էֆ դաբլյու»-ն ավելի քան 1.5 մլրդ դրամ էր ստացել հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում կիբերանվտանգության կարողություններ ներդնելու նպատակով, բայց ծրագիրը ձախողվել է։ «Սի էֆ դաբլյու»-ի տնօրենը Երևանի քաղաքապետ, ANIF-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է՝ Կարինե Անդրեասյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»-ը մոտ 960 մլն դրամ էր ներդրել նաև «Բերրիմաունթ» ընկերությունում՝ ելակի ջերմոցի կառուցման համար։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը Ավինյանի համադասարանցին է՝ Դմիտրի Ալեկսեյենկոն։

Մեկ այլ ներդրում՝ 797 մլն դրամի չափով, ANIF-ի նախկին դուստր ընկերությունը կատարել էր Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Ապագա փրոջեքթս» ընկերությունում։ «Ապագա փրոջեքթս»-ում ներդրումներից հետո ընկերության համասեփականատերերը «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ին մեղադրել էին վատ կառավարման, «Ապագա փրոջեքթս»-ին խոչընդոտելու մեջ։ Ներկայում «Ապագա փրոջեքթս»-ը սնանկության դատական գործընթացի մեջ է։

277 միլիոն դրամ էլ ներդրվել էր «Դոմ Արենա» ընկերությունում՝ Երևանում Hard Rock ռեստորան հիմնելու համար։ 2023-ի գարնանը հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ANIF-ի դուստր ընկերության միջոցով հանրային սննդի ոլորտում ներդրումներ կատարելու որոշումը խնդրահարույց է համարել։

«Ազատություն»-ը վերջին ամիսներին փորձել է ստանալ բաժնետիրական համաձայնագրերը, որոնց հիման վրա կատարվել են այս ներդրումները. Պետական գույքի կառավարման կոմիտեն փաստաթղթերը չի տրամադրել՝ առաջարկելով դրանք ստանալ ընկերություններից։ Անհասանելի են նաև այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։ Պետգույքից մի քանի ամիս առաջ «Ազատության»-ը հայտնել էին, որ դրանց՝ «երրորդ անձանց բացահայտման իրավաչափության հարցը պարզելու համար անհրաժեշտ է կատարել հավելյալ ուսումնասիրություն»։ Արդյունքում, անհնար է պարզել՝ բյուջեից ստացված ներդրումներով աշխատող ընկերությունները ֆինանսական ինչ վիճակում են, այդ ներդրումները որքանով են արդյունավետ եղել, ինչ շահույթներ են բերել։

ANIF-ը լուծարելու որոշում կառավարությունն ընդունեց 2024-ի մայիսին, և միայն 2025-ի հոկտեմբերի 16-ին իրավաբանական անձանց ռեգիստրում նշվեց, որ ընկերությունը լուծարման փուլում է։

Ի դեպ, այդ ողջ ընթացքում՝ շուրջ 1.5 տարի, ANIF-ում շարունակել են աշխատել տնօրեն, ավագ հաշվապահ և իրավախորհրդատու։ Պետգույքի կոմիտեն հայտնել է, որ նրանք աշխատել են կես դրույքով, սակայն հրաժարվել է հայտնել, թե հստակ որքան աշխատավարձ են ստացել։ Կոմիտեի հետ գրագրությունից միայն մեկ բան է պարզ դարձել՝ 2025-ին լուծարվող ընկերության աշխատակիցներից մեկը փետրվարին անգամ պարգևավճար է ստացել՝ 250 հազար դրամի չափով։

News.am