Логотип

2026 թվականի բյուջեով Նախիջևան տանող երկաթուղու վերանորոգում նախատեսված չէ. Խուդաթյան

2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթուղու վերանորոգման համար նախատեսված միջոցներ չկան։ Խորհրդարանական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների հնարավոր ապաշրջափակման համար երկաթուղային ենթակառուցվածքների նախապատրաստման ֆինանսավորում նախատեսված չէ։ Նա նշեց, որ Մեղրիի տարածաշրջանում ենթակառուցվածքների կառավարման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության համակարգման հետ կապված հարցերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի իրավասության ներքո են։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Sputnik Արմենիա