Արցախցի ընտանիքների ևս 3 խումբ կկարողանա դիմել բնակարանի հավաստագիր ստանալու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանալու Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։ Ըստ հիմնավորման՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը։
«Փոփոխությունները կապված են շահառուների պահանջի հետ, քանի որ հավաստագրման գործընթացում մի քանի խնդիր կար։ Մեկը վերաբերում էր ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքներին, որոնց շրջանում կան ընտանիքներ, որտեղ դատարանի վճռով անհետ կորած անձինք կան։ Բնակարան ստանալու համար նախկինում կար պարտադիր պայման, որպեսզի ընտանիքի կազմում լինեին գրանցված ամուսիններ, բայց անհետ կորած ամուսին ունենալու պարագայում ունենում էինք խնդիր։ Հիմա այս ընտանիքները կարող են դիմել և ստանալ հավաստագիր»,- նշեց Ղարագյոզյանը։
Նա ընդգծեց, որ արցախցիների երկրորդ խումբն էլ այն ընտանիքներն են, որտեղ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս երեխան դիմելու պահին արդեն չափահաս է։ Նախկինում ծրագրին կարող էին դիմել միայն այն ընտանիքները, որոնք ունեին 3 և ավելի անչափահաս երեխա։
Երրորդ փոփոխությունը վերաբերում է միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթերին։ Ըստ Ղարագյոզյանի` խնդիրը ծագել է փաստաթղթերի ուսումնասիրության փուլում։
«Խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաջորդած ժամանակահատվածին (խոսքը շրջափակման մասին է. խմբ․)։ Այժմ անձը կարող է ընդամենը 1 փաստաթուղթ ներկայացնել, որով կհաստատվի, որ նա Ղարաբաղից է։ Նախկինում առնվազն 2 փաստաթուղթ էր պահանջվում առողջապահական, կրթական և այլ ծառայություններից օգտվելու մասին։ Մենք բազմաթիվ դիմումներ ունենք ու հուսանք, որ բոլոր այն դիմումները, որոնք նախկինում մերժվել էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում տեղահանվածի կարգավիճակ չունենալու պատճառով, ապա այժմ հանձնաժողովը կրկին կուսումնասիրի ու ամեն դեպքում կշնորհի բնակարանի հավաստագիր»,- նշեց նախարարի խորհրդականը։
Sputnik Արմենիա

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            