Логотип

ԻՐԱՎԱԲԱՆ․ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ՝ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՈՍՔԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԱՌԱՋԱՑՆԵԼ

Պաշտոնյայի կողմից հավատացյալներին ուղղված հանրային խոսույթը կարող է իրավական հետևանքներ առաջացնել, ու դա պաշտպանվում է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ այլ օրենքներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

Նշենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։

«Ցանկացած անձ, որը զգում է, որ իր իրավունքները, ներառյալ նաև հոգևոր իրավունքները ոտնահարվել են, անտեսվել են, դրանց միջոցով նրա պատվի, արժանապատվության նկատմամբ կատարվել է ոտնձգություն, ապա կարող է իրականացնել պաշտպանություն։ Ընդ որում` նաև դատական կարգով, այսինքն՝ համապատասխան հայտ ներկայացնելով, որը քննվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում»,- նշեց Թումասյանը։

Ընդգծեց՝ երբ որևիցե կերպով հնչում են այնպիսի խոսքեր, մեկնաբանություններ, որոնք կարող են հավատացյալների պատիվը, արժանապատվությունը, նրանց կրոնական հայացքները, կրոնական մոտեցումները վնասել, նվաստացնել կամ նսեմացնել, սա արդեն դիտվում է միջամտություն անձի կրոնի, խղճի, մտքի, դավանանքի իրավունքի իրացման տեսանկյունից։ Իրավագետը շեշտեց՝ կրոնը ոչ նյութական, հոգևոր արժեք է, որի պաշտպանությունը և պահպանությունը դրված է ոչ միայն կոնկրետ անձանց, այլ նաև պետությունների վրա։

Նա զուգահեռներ անցկացրեց մահմեդական երկրների հետ. եթե որևէ քաղաքացի` անկախ այդ անձի զբաղեցրած պաշտոնից, գործունեության ոլորտից, մասնագիտությունից, ինչ-որ քայլ անի մզկիթի դեմ, որևէ քայլ կատարի Ղուրանի կամ նրանց կրոնական որևէ ատրիբուտիկայի դեմ, դա բերելու է ծայրահեղ բացասական վերաբերմունքի։ Ընդ որում` նման իրավիճակներ լինում են ոչ միայն մահմեդական, այլ նաև քրիստոնյա երկրներում, որտեղ մահմեդականները բավականին մեծ ներկայացվածություն ունեն։

Այս համատեքստում Թումասյանը հիշեց Փարիզում տեղի ունեցած «Շարլի Էբդոյի» օրինակը, երբ 2015 թ․-ին թերթերից մեկը ծաղրանկար հրապարակեց, որտեղ մահմեդականների առաքյալը ներկայացված էր ոչ պարկեշտ ձևով։ Այդ ժամանակ հարձակում եղավ այդ խմբագրության վրա, սկսվեցին զանգվածային անկարգություններ, Փարիզի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն էր իրականացնում գրեթե 1 շաբաթ շարունակ։

Շեշտեց՝ երբ խոսվում է մարդկանց հոգևոր արժեքների մասին, ապա պետք է մեծ զգուշավորություն դրսևորել։

Թումասյանը նաև անդրադարձ կատարեց Մտքի խղճի և կրոնի ազատության իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային, քանի որ եվրոպական որևէ երկիր այդպես էլ չքննադատեց ՀՀ իշխանությունների մոտեցումը Հայ առաքելական եկեղեցուն։

«Ճիշտն ասած` ես չեմ լսել որևէ քննադատական խոսք, բայց բոլոր դեպքերում` պետությունը և եկեղեցին անջատ են, և յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում տվյալ պետությունում առկա կրոնական խմբավորումների հետ իր հարաբերակցության մոդելը։ Մեզ մոտ այդ անկախությունը ամրագրված է ոչ միայն Սահմանադրությամբ, այլ ունենք նաև հատուկ օրենք, որը կարգավորում է Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնությունը, ինքնավարությունը, մենք պետք է առաջնահերթ առաջնորդվենք մեր օրենսդրությամբ ու դա չդիտարկենք միայն միջազգային տեսանկյունից»,- նշեց Թումասյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին, ազդարարվեց նաև, որ նոյեմբերի 2-ին ևս Ստեփան Աստարյանը «պատարագ է» մատուցելու։

Sputnik Արմենիա