Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աղջիկների 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունով նվաճեց բրոնզե մեդալ, հրում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի (98+130):
Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրեց 98 կգ: Հաջորդ փորձերով ձախողեց 101 և 102 կգ-երը: Այս վարժությունում Ամրոյանը 4-րդն է:
Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ, ապա՝ 130 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 133 կգ-ը ձախողեց:
Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) և Տիգրան Կարապետյանը (71 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մերի Միսակյան (69 կգ): Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):
News.am
