Логотип

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԱԾ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՐՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է, ասվում է նոր խոշոր զեկույցում, գրում է բրիտանական Express-ը՝ բացահայելով զեկույցի բովանդակությունը։

Ինչպես նշում է բրիտանական լրատվամիջոցը, զեկույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա դաժան հարձակման մեջ։

«Նա ձգտել է տապալել նրա առաջնորդ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բանտարկել առաջատար հոգևորականների ու ծխականների, իսկ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել կառավարությանը քննադատելու համար», – գրում է լրատվամիջոցը։

Բրիտանիայի խորհրդարանի կրոնի ազատության հարցերով բազմակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Փիթերբորոն ներկայացնող լորդ Ջեքսոնն ասել է. «Միտքը, թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է։ Հայաստանի քրիստոնեական համայնքները պետք է կարողանան պահպանել խաղաղ պայմաններում հավաքվելու և երկրպագելու իրավունքը՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ էլ ավելի վատ բանի սպառնալիքի։ Աշխարհը հետևում է այս քրիստոնյա համայնքների նկատմամբ կատարվող մարդու իրավունքների խախտումներին, որոնք պատերազմի մեջ են գտնվում»։

Amsterdam & Partners միջազգային իրավաբանական ընկերության մանրամասն զեկույցում Փաշինյանը մեղադրվում է նրանում, որ հաջորդ տարվա ընտրություններում իշխանությունը պահպանելու իր ձգտման մեջ նա բռնապետի պես է պահում իրեն։

Նշվում է, որ թեև Փաշինյանի ժողովրդականությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել, Եկեղեցին շարունակում է վայելել բնակչության զանգվածային աջակցությունը. Հայաստանի երեք միլիոն բնակչության 97,5%-ը հայտարարում է իր հավատարմության մասին։

«Ազգային եկեղեցու բարձրաստիճան անդամների և դրա կողմնակիցների բացահայտ հալածանքները՝ զայրացուցիչ, անհիմն և քաղաքականապես մոտիվացված հետապնդումների միջոցով, որոնք ուղղված են քննադատությունը ճնշելուն և վերահսկողություն հաստատելուն, ոչ պոպուլյար և քաղաքականապես անգրագետ ռեժիմի արարք է, որը կառչում է իշխանությունից ցանկացած անհրաժեշտ միջոցներով», – ասվում է զեկույցում։

News.am