Логотип

Վեհափառի եղբայրն ու նրա որդին ցուցմունք են տվել, երկուսն էլ ձերբակալված են

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինի որդին՝ Համբարձում Ներսիսյանը ցուցմունք են տվել, նրանց ձերբակալվել են: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ փաստաբանը նոյեմբերի 2-ին հայտնել էր՝ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար: Նա նաև կից տեսանյութ էր ներկայացրել՝ նշելով, որ ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե նոյեմբերի 1-ին կաթողիկոսի եղբայրն իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։

«Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն»,- գրել է փաստաբանը:

Նա ընդգծել է, որ 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն:

«Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ թույլ մի տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանն ընդգծել էր՝ դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է:

Sputnik Արմենիա