Логотип

ՀՀ ՆԳՆ-ն 2025 թվականի առաջին 9 ամիսներին թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնաբերված դեպքերի 18.1% աճ է գրանցել

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թմրանյութերի ապօրինի շրջանառության բացահայտված դեպքերի թվի 18.1% աճ է գրանցել։ Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց է առգրավվել և դուրս բերվել ապօրինի շրջանառությունից, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում մենք կարողացել էինք ապօրինի շրջանառությունից առգրավել շուրջ 205 կգ թմրամիջոց», – ասել է Սարգսյանը։

Նախարարը նշել է, որ ուշադրության կենտրոնում են սինթետիկ թմրամիջոցները, քանի որ հենց դրանք են ամենամեծ վնասը հասցնում մարդկանց առողջությանը։ «Առգրավված թմրամիջոցներից 37 կգ 175 գրամը սինթետիկ են։ Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում միայն ոստիկանության աշխատակիցների կողմից առգրավվել է 290 կգ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը մոտավորապես 128 կգ-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշներից», – ընդգծել է ՆԳՆ ղեկավարը։

News.am