Логотип

Արփինե Սարգսյան․ 3 տարեկան Տիգրան Օվանեսովին, նախնական տվյալներով, սպանել է հայրը

Ծափաթաղ գյուղում կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովին նախնական տվյալներով սպանել է հայրը` խեղդամահ անելու ճանապարհով։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ներքին գործերի նախարար Արիփինե Սարգսյանը։

«Այս պահին այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ։ Բայց ուզում եմ շեշտել, որ այս վարկածն ի թիվ այլնի, առաջին իսկ օրվանից եղել է»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նախարարի` երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան խնդիրներ են եղել։

«Երբ մենք սկսել են փրկարարարկան աշխատանքներն ամբողջ հարակից տարածքով, իրականացվել է տարածքի սանրում, յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պարագայում, ըստ հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխում է իրականացրել»,– շարունակեց Արփինե Սարգսյանը։

Ավելի վաղ երեխայի հորաքույրն ասել էր, որ համր եղբայրը, որը կորչելուց առաջ Տիգրանի հետ էր եղել, անընդհատ կոկորդն է ցույց տալիս։ Դրանից հետո ենթադրություններ հնչեցին, որ դա խեղդել է նշանակում։

Արփինե Սարգսյանի խոսքով` Տարածքային միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ աշխատում են, որ ընտանիքում բնակվող մյուս երեխաների մասով որոշում կայացվի։

Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Նրա որոնումներում ներգրավված էր շուրջ 500 ոստիկան, փրկարար, կամավոր։

Երեխայի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Sputnik Արմենիա