Логотип

Պապիկյան․ Հայաստանը Հնդկաստանի հետ ՍՈւ-30 ՄԿ գնելու պայմանավորվածություն չունի

Հայաստանը շարունակելու է սպառազինություն և ռազմական տեխնիկա գնել, բայց չի կարող հաշվի չառնել օգոստոսի 8–ին ձեռք բերված վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում` սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներում, սակայն օգոստոսի 8–ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, և, բնականաբար, այն պետք է ունենա իր հետևանքները»,– ասաց նախարարը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե հնդկական ԶԼՄ–ների տվյալներով` հայկական կողմը ՍՈւ–30 ՄԿ կործանիչներ է գնել` Պապիկյանը կարճ պատասխանեց` նշելով, որ Հայաստանը Հնդկաստանի հետ նման կործանիչներ գնելու պայմանավորվածություն չունի։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում են ադրբեջանցիներին Հայաստանում «վերաբնակեցնելուն» և Սևանա լիճը Գյոյչա ասելուն` նախարարն ասաց. «Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է, և դա տեսանելի է նաև սահմանում, փաստ է։ Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, դա իրականություն է, հորինվածք չէ»։

Պապիկյանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հետագա քաղաքականության վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց։