ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև հարաբերությունների լարվածությունը երեկ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր պիկին է հասել, գրում է «Ժողովուրդը»։
Դռնփակ քննարկմանը, որտեղ ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն, հանձնաժողովի նախագահ Քոչարյանը պահանջել է, որ բոլոր համակարգիչները, իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից: Սակայն ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել:
Ըստ պարբերականի՝ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի «թշնամի» դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել: Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչև Հայկ Սարգսյանը, զայրացած, լքել է նիստերի դահլիճը:
«Ժողովուրդը» գրում է, որ Քոչարյանի հարաբերությունները հարթ չեն նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ. Քոչարյանը չի ընդունում Ալեն Սիմոնյանի այն որոշումը, որ մերժեց քննել 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ ուղարկելով այն ԱԺ առաջին բաժին՝ արխիվացման:
«Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել, ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ: Իսկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ՝ զեկույցի հետևից»,-նշված է հոդվածում։
Sputnik Արմենիա
