Логотип

Փաշինյանը խուսափեց Սևանա լճի մասին Ալիևի հայտարարությանն ուղիղ պատասխանելուց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խուսափեց ուղիղ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ լրագրողն իրեն բարդ դրության մեջ է դնում:

Լրագրողի հարցը վերաբերում էր Ալիևի այն հայտարարությանը, թե ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա, և որ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով:

Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած՝ «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ այսօր Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Ալիևի այս հայտարարությունը չի՞ նշանակում հետքայլ խաղաղության գործընթացից։

«Ձեր հարցով դուք ինձ բարդ դրության մեջ եք դնում։ Ես ընտրության առաջ եմ. ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք իսկապես պե՞տք է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ամբողջական պատկերը չի արտահայտում: Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ցարական քարտեզների վրա չկա Սևանա լիճ, այլ կա… այլ անուն»,– ասաց Փաշինյանը։

Նա իրավիճակն անհարմար է անվանել, քանի որ եթե հնչեցնի իր դիրքորոշումը, ապա դա կլինի ոչ թե լրագրողի հարցի պատասխանը, այլ Ալիևի հայտարարությունների մեկնաբանությունը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Sputnik Արմենիա